շաղակրատտությանդ,— ասաց Նազիմյանը, մատը սեղմելով էլեկտրական զանգակի կոճակին։
— Սպասիր,— գոչեց Մերսիմյանը Նազիմյանի ձեռը կոճակից հեռացնելով,— ես իսկույն, իսկույն կավարտեմ: Մինչև այժմ ես եղել եմ քո արժանավորությունների գլխավոր երկրպագուն, քո մտերիմը, պաշտպանը, հավատարիմ ընկերը։ Իսկ ա՞յժմ... Այժմ ուզում եմ մի լավ նայել այդ հեզ աչքերին և տեսնել նրանց հատակում թաքնվածը...
Նա աթոռն ավելի մոտեցրեց սեղանին, գլուխն առաջ ձգեց և իսկապես սկսեց խոր, երկարատև հայացքով նայել Նազիմյանի աչքերին։ Մի ինչ-որ բոլորովին անսովոր, երկյուղալի, նույնիսկ թշնամական քայլ կար այդ համառ նայվածքի մեջ։ Նազիմյանը փորձեց ժպտալ, չկարողացավ, թեթևակի ցնցվեց և թիկն տալով աթոռի մեջքին, նայեց առաստաղին.
— Աա, տեսնում եմ, որ դու արդեն կամաց-կամաց հասկանում ես, թե ինչու համար եմ քեզ այստեղ հրավիրել,— արտասանեց Մերսիմյանը կծու հեգնանքով, որ նույնպես տարօրինակ էր Նազիմյանի համար։— Ես խաբված չեմ եղել, ոչ։ Ես միշտ մտածել եմ, որ այդ գեղեցիկ տերևների տակ աղբ է թաքնված, բայց լռել եմ ու բարեկամությունս շարունակել։ Ինչո՞ւ։ Որովհետև որքան ևս դու գարշելի լինեիր, ուրիշներից վատ չէիր այդ անիծյալ Սոդոմում։ Դու գոնե խելք ունեիր, գիտեիր ամենաեղկելի արարքներիդ վայելուչ ձև տալ։ Իսկ ա՞յժմ... Այժմ տեսնում եմ, որ դու... օձ... օձ...
— Մերսիմյան,— գոչեց Նազիմյանր արդեն զայրացած,— չեմ կարծում, որ գինին այդքան ազդած լինի քեզ վրա... Դու խելագարվել ես...
— Օձ... Ես քեզ թույլ չեմ տալ բուն դնելու այդ միամիտ ընտանիքում, թույլ չեմ տալ անբախտացնել իմ քրոջ աղջկան...
— Ի՞նչ ես ուզում ասել, բացատրիր վերջապես...
Մերսիմյանը ձեռը տարավ ծոցի գրպանը, դուրս բերեց այնտեղից մի ճխլված նամակ, բաց արավ և դրեց ընկերոջ առջև։
— Ահա, կարդա և կիմանաս։