Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/72

Այս էջը հաստատված է

Նազիմյանը նայեց նամակի վերնագրին, ստորագրին և շրթունքները կրծեց։ Մի քանի վայրկյան նա դիտում էր ընկերոջ դեմքը։

— Ճանաչեցի՞ր։ Այժմ ասա, ի՞նչ երեսով ես դու ուզում ամուսնանալ իմ քրոջ աղջկա հետ։ Սպասի՛ր, մի շարժվի՛ր տեղիցդ։ Դու այս սենյակից դուրս չպիտի գաս, մինչև որ խնդիրը պարզվի և վճռվի։

— Այդ նամակը ինչպե՞ս է քո ձեռն ընկել։

— Շատ հասարակ ձևով, փոստն ամենքի տրամադրության տակն է, կարդա, և բոլորը կիմանաս։

Նազիմյանը դողում էր, զուր աշխատելով իշխել իրան։ Նա շտապով աչքի անցկացրեց նամակը, որ գրված էր ծանոթ կանացի ձեռքով և ծանոթ ուղղագրական սխալներով փոստային թղթի ամբողջ չորս երեսների վրա։

— Դու գնացե՞լ ես նրա մոտ,— հարցրեց նա, նամակը վերադարձնելով։

— Մի՞թե կարող էի չգնալ այդ տեսակ աղերսալի տողերից հետո։ Լսի՛ր, ես կպատմեմ բոլորը։ Մեկէլ օրն երեկոյան, այս նամակն ստանալով, սկզբում կարծեցի թե դա մի շանտաժ է քո դեմ։ Մեկն այն սովորական շանտաժներից, որոնց զոհ են դառնում երբեմն անցյալ ունեցող տղամարդիկ իրանց հարսանիքի շեմքում։ Բայց աղերսն այնքան անկեղծ էր հնչում, որ ես չէի կարող չտեսնվել այդ անբախտ աղջկա հետ: Երեկ առավոտյան տասը ժամին գնացի նրա կացարանը։ Այդ մի համեստ կահավորված մաքուր սենյակ էր մի մեծ տան գավթի ծայրում։ Դռների առջև ինձ դիմավորեց մի գեղեցիկ և երիտասարդ կին սև հագնված։ Նա հուզված ձայնով արտասանեց իմ ազգանունը և շտապեց շնորհակալություն հայտնել, որ անուշադիր չէի թողել իր նամակը։ Ես նայեցի նրան և իսկույն զգացի, որ իմ առջև կանգնած էր մեր կեղտոտ կրքերի զոհերից մեկը։ Բայց ի՜նչ զոհ։ Արդարև, քո ճաշակը նուրբ է։ Նա գեղեցիկ է, թարմ և զարմանալի չէ, որ նրա գրկում դու մոռացել ես սովորական զգաստությունդ...

Այստեղ Նազիմյանը թեթևակի ցնցվեց, ապա սկսեց սուր հայացքով նայել ընկերոջ երեսին։

— Նա պատմեց բոլորը առանց հառաջաբանի,—