Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/73

Այս էջը հաստատված է

Մերսիմյանը, բնավ չշփոթվելով Նազիմյանի հայացքից։— Նա չէր արտասվում, բայց հուզմունքից խեղդվում էր։ Նրա դողդոջուն ձայնն իր անկեղծ շեշտով ազդում էր ինձ վրա հակառակ իմ ջանքի — Լինել սառը, ինչպես վայել էր քո հավատարիմ ընկերոջը։ Նա ցույց տվեց ինձ իր վեցամսյա երեխային և հարցրեց արդյոք չե՞մ տեսնում նմանություն նրա և քո դեմքերի մեջ...

— Ես երեխա չունեմ, իմը չէ, արտասանեց Նազիմյանը դրականապես և դարձյալ նայեց ընկերոջ երեսին զննող հայացքով։

— Մի՛ ստիր,— գրգռվեց Մերսիմյանը,— նա ունի անհերքելի փաստեր։ Դու, իհարկե զգույշ մարդ ես, բայց на всяково мудреца довольно простоты։ Նա ցույց տվեց ինձ քո նամակը Թեֆլիսից գրված։ Երբ առաջին անգամ իր կրծքի տակ զգում է անսովոր բաբախումը, սարսափում է և շտապում է քեզ հայտնել։ Այն ժամանակ դու Թիֆլիսումն ես լինում դատաստանական գործերով։ Դու նրան խորհուրդ ես տալիս դիմել մանկաբարձուհիների օգնության՝ «խայտառակության» առաջն առնելու համար։ Ինչպես մի անփորձ էակ։ նա չի կարողանում գտնել խիղճը վաճառող մանկաբարձուհի և ամաչում է երկար փնտրել։ Նա ստիպվում է թողնել ծնողների տունն ու հեռանալ։ Թիֆլիսից վերադառնալով՝ դու նրա համար վարձում ես առանձին բնակարան։ Ձեզանից ոչ ոք հաշիվ չի պահանջում... Անպիտան, ասա ինձ պարզ, ի՞նչ ես մտադիր անել այդ անբախտի վերաբերմամբ․․․

— Այն, ինչ որ ընդունված է անել այդպիսի դեպքերում,— պատասխանեց Նազիմյանը, որ արդեն բավական իշխել էր իրան։

— Այսինքն՝ բաժանվե՞լ․․․

— Այդ մի սովորական պատմություն է։

— Թողնել հարազատ զավակիդ ճակատագրի հաճույքի՞ն։

— Ես կապահովեմ նրան նյութապես։

— Սիրուհուդ կապահովես կնոջդ փողերո՞վ,— գոչեց Մերսիմյանը, ձեռը զարկելով սեղանին,— ես չեմ թողնիլ, որ իմ քրոջ աղջիկը մինչև այդ աստիճան խաբվի։