Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/74

Այս էջը հաստատված է

— Ուրեմն, ի՞նչ ես պահանջում ինձնից։

— Պահանջում եմ, որ այսօր ևեթ հրաժարվես իմ աղջկանից։ Նա չի կարող իր անկողինը բաժանել քո սիրուհու հետ։

— Բայց ես ասացի, որ սիրուհուս կթողնեմ և արդեն թողել եմ։ Նա ինձ խանգարել չի կարող։

— Նա քեզ կխանգարի, որովհետև սիրում է քեզ, չնայելով քո ստոր վարմունքին։

— Նա ի՜նքն ասաց այդ։

— Այո, ինքը, — պատասխանեց Մերսիմյանը առանց տատանման։

— Դու ստում ես, Մերսիմյան։

— Ոչ մի դրամական ապահովություն չի կարող նրան ստիպել հաշտվելու իր վշտի հետ, նա ունի վրիժառության զգացում դեպի քեզ։ Բայց ինչո՞ւ ես հարցնում ինձ, այս բոլորը նա երեկ երեկո ինքն է քեզ ասել քո բնակարանում։

— Ահ․․․ դու ա՞յդ էլ գիտես։

— Այո, ինձ հայտնի են բոլոր մանրամասնությունները։ Այսպես թե այնպես, դու առանց սկանդալի չես ազատվի նրանից։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ քրոջ աղջկա անունն այո կամ այն կերպ կապվի այդ սկանդալի հեա։ Հասկանո՞ւմ ես։ Դու պետք է հրաժարվես հարսնացվիցդ։

— Իմ հրաժարվելը ինքնըստինքյան կդառնա մի սկանդալ քրոջդ աղջկա համար։ Չեմ կարծում, որ նրա համար դուրեկան լինի «մերժված»-ի հաբավը։

— Այդ մասին դու կարող ես մտածել։ Դու կկատարես բոլորը՝ ինչ որ քեզնից պահանջեմ։

— Ա՞յն է,— հարցրեց Նազիմյանը մի տեսակ դիվային շեշտով։

— Առաջինը, կխոստանաս ինձ ամեն տեղ ասել, թե հարսնացուդ ինքն է քեզ մերժել, փնտրելով այնպիսի պատճառներ, որոնք մազի չափ չդիպչեն նրա պատվին։ Դու խորամանկ ես, կարող ես հնարել։ Երկրորդ, հենց այժմ ևեթ կգրես Հելենային մի սիրահարական նամակ, կնկարագրես նրա բոլոր արժանավորությունները։ Դու կաղերսես, որ նա համաձայնվի քո ամուսինը դառնալու։ Հասկանո՞ւմ ես։