— Նա քեզ համարում է ազնիվ ու մաքուր մարդ, բայց իմ խոսքին կհավատա, որովհետև գիտե, որ շահ չունեմ քեզ զրպարտելու և, վերջապես, ձեռիս փաստ կա։
— Ես այդ չէի ուզում ասել։
— Ահ, գիտեմ, նա սիրահարված է քեզ վրա։ Հարվածը նրա համար կլինի ծանր, բայց ոչինչ, ժամանակը կբուժե վերքը։ Հելենան այնքան հիմար չէ, որ չհասկանա, թե չի կարելի սիրել մի մարդու, որ իր հարազատ զավակին փողոց է նետում...
Տիրեց մի քանի վայրկյան լռություն։
Նազիմյանը, ձեռը ճակատին սեղմած, խորհում էր։ Մերսիմյանը վարից վեր նայում էր նրա կանոնավոր կազմվածքին, գեղեցիկ գլխին և արիստոկրատիկ ձեռներին։ Նա միշտ հոգու խորքում նախանձել էր այդ մարդուն, որ այնքան դուր էր գալիս կանանց։
— Նստի՛ր և գրիր,— կրկնեց նա միանգամ ևս։
— Գիտես ի՞նչ, սիրելիս,— ասաց վերջապես Նազիմյանը, մի ձեռը հենելով սեղանի եզրին,— ինչպես տեսնում եմ, այժմ քեզ հետ պիտի խոսել ուրիշ լեզվով։ Լսիր, ես վճռել եմ ամուսնանալ օրիորդ Մարկոսյանի հետ և ամուսնանալու եմ անպատճառ, ինչ էլ լինի։ Այս մեկ։ Երկրորդ, երեկվանից իմ ապագա աները ինձ մտցրել է իր գործերի մեջ։ Թող հայտնի լինի քեզ, որ այսուհետև ես ոչ միայն Մարկոսյանի ընտանիքի անդամ եմ, այլև լիազոր հավատարմատար։
— Դո՞ւ,— գոչեց Մերսիմյանը այլայլված։
— Այո, ես։
— Հավատարմագիր ունե՞ս։ Նազիմյանը դուրս բերեց գրպանից մի մեծ թերթ, բաց արավ և դրեց Մերսիմյանի առջև։
— Ի՛նչ ես ուզում ասել դրանով,— հարցրեց Մերսիմյանը։
— Այն, որ մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում և չենք կարող իրարու խաբել։ Այսօր ես Մարկոսյանի երկաթե պահարանում գտա քո ստորագրությամբ ոչ ավելի ոչ պակաս տասնու եկ մուրհակ։ Այդ մուրհակներից մեկի ժամկետը