Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/8

Այս էջը հաստատված է

փղոսկրի պես փայլուն, մաքուր ատամներով և գեղեցիկ աչքերով քսան տարեկան Լուիզան։ Նա երգում էր․ ուներ զորեղ ու անուշ ձայն, պատրաստվում էր բեմին նվիրվելու։ Գիտեր նվագել դաշնամուր, երաժշտության դասեր էր տալիս, փող ժողովում, որ գնա Իտալիա ձայնը մշակելու։

Առաջին օրն անծանոթ շրջանում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրն ընտելացա, իսկ մի շաբաթ անցած՝ բավական բարեկամացա բոլորի հետ։ Մենք ճաշում էինք միևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով։ Երկու ժամից սկսած մինչև երեկոյան չորս-հինգ ժամը, ծիծաղ, երգ, նվագում, պար ու սրախոսություններ խառնվում էին միմյանց և ջերմացնում տարբեր ազգերի ու դավանությունների պատկանող մարդկանց բարեկամական մթնոլորտը։

Մի օր ճաշից հետո Լուիզան նստեց դաշնամուրի քով և սկսեց նվագել ինչ-որ վայլս։ Բասոկոնտատո Չելլինին գրկեց կոնտրայլտո Լուկրեցիա Կաֆարելլիին ու սկսեց պարել։ Բարձրացավ ընդհանուր ծիծաղ, որովհետև իրավ որ այդ մի զվարճալի զույգ էր․ Չելլինին խիստ նիհար էր և շատ բարձրահասակ, Լուկրեցիա Կաֆարելլին, ընդհակառակը, խիստ գեր էր և կարճահասակ։ Լուիզան նվագելով հանդերձ գեղեցիկ գլուխը ձգել էր հետ և անզուսպ քրքջում էր, լեցնելով սենյակը յուր անուշ ձայնի հյութալի հնչյուններով։

Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկարվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք։ Ոչ ոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ։ Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշացրությունս։ Ես դիտեցի նրան: Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր-ինչ ներս ընկած։ Հագած էր մուգ-կապտագույն գոտևոր կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով, և նույն գույնի նեղ վարտիք։ Ձեռին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները։ Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մելամաղձիկ