վճարելիք ունեմ։ Բանկին, հասկանո՞ւմ ես, երկու հազար հինգ հարյուր ռուբլի, բայց այդքանն էլ չունեմ։ Հույսս դարձյալ փեսայիս վրա է։ Ես գիտեի, որ նա այս անգամ բացե ի բաց պիտի մերժի, բայց, բայց... էհ, մտածում էի, գուցե կարողանամ մի անգամ էլ կոտրել նրա համառությունը։ Արշակ, մոռացիր երեկվա ինցիդենտը... հուսահատությունը երբեմն մարդուն ստիպում է անխոհեմ միջոցների դիմել...
Մինչ Մերսիմյանը արտասանում էր իր վերջին խոսքերը, Նազիմյանը նորեն սուր հայացքով նայեց նրա աչքերին։ Նա արդեն հասկացել էր ընկերոջ միտքը։
— Այդպես, ուրեմն, — արտասանեց նա դարձյալ Ժպտալով,— այդպես... Դե բարեկամս, ես շատ լավ գիտեի՝ ինչ բանից է ծագում քո ասպետությունը, հրաշալի քեռի հարսնացուիս։ Դու ուզում էիր դիմել մի ծայրահեղ միջոցի՝ շահագործել իմ անհատական գաղտնիքը։ Ով գիտե, գուցե կարողանայիր նպատակիդ հասնել։ Գուցե փեսադ երախտապարտ գտնվեր և մի անգամ էլ իր քսակը բանար քեզ համար։ Ոչինչ, բավական օրիգինալ միջոց էր։ Բայց չհաջողվեց։ Նետդ քարին դիպավ։ Այժմ թույլ տուր քեզ մի թեթև հարց տալ. երեկ ճաշին դու մի քանի անգամ ինձ անվանեցիր օձ, իսկ դո՞ւ ինչ ես, կարելի՞ է իմանալ...
Մերսիմյանը շփոթված երեսը մի կողմ դարձրեց։
— Նազիմյանը ձեռը դրեց նրա ուսի վրա և, երեսին նայելով, ավելացրեց.
— Վախկոտ աղվես գայլի մորթով։ Ցտեսություն, ես գնում եմ ընթերցարան։ Դե լավ, արյունդ մի պղտորիր, ես չեմ վիրավորվում...
Նա հանգիստ հեռացավ Մերսիմյանից, ճանապարհին աջ ու ձախ բարևելով իր ծանոթներին սովորական սիրալիր ժպիտն երեսին։
Մերսիմյանը նայեց նրա հետևից մի քանի վայրկյան տակավին շփոթված։ Ապա, ուշքը ժողովելով, նստեց մերձակա բազկաթոռներից մեկի վրա և ծխախոտ վառեց։ Այդպես, ուրեմն, նա տվել էր մի հարված—փոխարենը ստացավ կրկնակի։ Նազիմյանը նրա դիմակը պատռեց ավելի ճարպիկ,