Ընտանիքը սեղանատանն էր:
Ընկերներն անցան շռայլ կահավորված, էլեկտրական ճրագներով լուսավորված հյուրասենյակը և մտան մի ընդարձակ սենյակ։ Այստեղ, արծաթե սամովարի շուրջը ժողովված, թեյ էին խմում Աղաջան Մարկոսյանը, տիկին Նազլուն, օրիորդ Հեղինեն և մի հեռավոր ազգական, որ, նորեկներին տեսնելով, անմիջապես ոտքի ելավ և հրաժեշտ տվեց:
Արտաքինի կողմից դա մի տարօրինակ զույգ էր, որ քաղաքում դարձել էր անգործ մարդկանց սրախոսությունների առարկա։ Մարդը փոքրամարմին էր, նիհար, նեղ երեսով և կարճ ու հաստլիկ ընչացքով, գյուղական տափակ դեմքերից մեկը։ Տասը տարի էր արդեն` ստամոքսի կատարից ու ոսկրացավից կուչ էր եկել, կծկվել էր, դեմքի թառամ ու կանաչած գույնով հիշեցնում էր կճպած ու արևի տակ չորացած բադրիջան։ Ընդհակառակը` կինը պարթևահասակ էր, գեղեցիկ դեմքով, կարմիր այտերով, թեև մի քիչ կոշտ, բայց կանոնավոր կազմվածքով, առողջ և տակավին կայտառ, ինչպես լավ խնամված մատակ...
Նազիմյանը համբուրեց նրա խոշոր ադամանդով զարդարված ձեռը և ժպիտը երեսին նստեց հարսնացուի կողքին։ Հեղինեի դեմքը պայծառացել էր նրան տեսնելու վայրկյանից, նա իր փեսացվի վրա սիրահարվեց ծանոթության առաջին իսկ օրից, զգալով նրա գերազանցությունը մյուս բոլոր, ծանոթ երիտասարդներից։ Արտաքուստ Հեղինեն իր հոր կանացի պատճենն էր, իր հիվանդոտ դեմքով, տափակ կրծքով և քթի արմատի վրա միացած սև ունքերով։
— Էհ, ի՞նչ նոր խաբար կա աշխարհում,— հարցրեց Աղաջանը ղարաբաղյան շեշտադրությամբ։
Նազիմյանը հաղորդեց օրվա հետաքրքրական լուրը. մի խումբ հայ և թուրք հանքատերեր ստորերկրյա խողովակների միջոցով ամիսներ շարունակ Նոբելի պահեստներից նավթ են քաշել։ Այժմ լսողությունը բացվել է, և գողերի անունները բերանից բերան են անցնում։
— Էլի՞,— գոչեց Մարկոսյանը քսու ու խուլ ձայնով, որ կարծես դատարկ կարասի խորքից էր գալիս։
Լուրն իսկապես նրան ուրախություն պատճառեց։ Իր