Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/88

Այս էջը հաստատված է

ու էդպես չաղանա՞ք։ Ախպեր, ձեր ինժեներներն ինչ ցավ ու կրակ դարձան մեր գլխին կամ ձեր էդ դիպլոմավորներն ի՞նչ են անում։ Գալիս են թե չէ, բիրդան ուզում են միլիոնչի դառնալ, էն էլ ուրիշների փողով։

— Արշակ ջան,— դարձավ գրգռված միլիոնատերը իր փեսացուին, որի ներկայությունը մի վայրկյան մոռացել էր,— թող քեֆիդ չդիպչի, տեղն եկավ, ասացի։ Ախար ո՞նց չասեմ։ Դե որ ուսումնականն էլ վերջը պիտի վաճառական դառնա, էլ ինչո՞ւ են ոսկոր մաշում, ուսում առնում, էն է թող բաղկալի դուքան բաց անեն ու նստեն էլի։ Էլ ինչո՞ւ գնացիր,— նորեն նա դարձավ Մերսիմյանին,— մին բեոլուք փողերս փչացրիր, եկար։ Էդ կրծքիդ զնաչոկի համա՞ր։ Որ ես իմ կրծքի վրա չունեմ, քեզանից պակա՞ս եմ։ Մախլաս։ Ինչ ուզում ես ասա, ուրիշի փողը հալալ չէ, հալալ չէ, հալալ չէ...

Վերջին բառերն արտասանելիս նրա ձայնի մեջ զգացվեց ինչ-որ խոր թաքնված վիշտ...

Նազիմյանն ու Մերսիմյանը նայում էին միմյանց երեսին, չհամարձակվելով նայել այդ մարդու երեսին, որ ինքը վաղուց զրկվել էր մարդկանց երեսին ուղիղ նայելու երջանկությունից։ Այդ կոպիտ շինականը համարձակվում էր նրանց նախատել, և նրանք հարկադրված էին լսել ու լռել, որովհետև եթե խոսեին — մեկը պիտի վաղն ևեթ սնանկանար, մյուսը պիտի զրկվեր միլիոնների ժառանգությունից։

Թափելով իր սրտի թույնը, Մարկոսյանը կամաց-կամաց հանգստացավ ու լռեց։ Մերսիմյանի հլու լռությունը հաղթանակ տարավ Նազիմյանի ներկայության շնորհիվ։

— Գնա ախպեր,— ասաց վերջապես Մարկոսյանը,— ինչ որ Արշակն ուզում է, թող անե։ Ես իմ իրավունքները նրան եմ տվել։ Եթե փող կա, թող տա...

Նազիմյանը ոտքի ելավ և հրաժեշտ տվեց...

Փողոց դուրս գալով, Մերսիմյանը գոչեց.

— Այ տանջանք, այ խայտառակություն, ամբողջ մարմինս քրտինքի մեջ է։

— Վնաս չունի, հավատացած եմ, որ առաջին անգամը չես այդ տեսակ բաղնիք ընդունում։ Էհ, եղբայր, չպիտի մանրազգաց լինել: Նա ուներ իրավունք։