Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/91

Այս էջը հաստատված է

ԳԱՂԱՓԱՐԻ ԳԵՐԻՆ

Նա անցնում էր քաղաքի բազմամարդ փողոցով, որը անգործ ամբոխի համար զբոսավայր էր։

Նրա քայլվածքը հանդարտ էր, բայց անկանոն, ներվային։ Թվում էր, որ նա ինքն էլ չգիտե ուր է գնում կամ ինչու։ Հագած էր նա իր սովորական մաշված ու խունացած վերարկուն լայն թևերով, լայն փեշերով, կեղտոտ օձիքով։ Հնամաշ, ժապավենները վաղուց դեղնած գլխարկի տակից նրա խորն ընկած, մտախոհ աչքերը ուղղված էին դեպի անորոշ տարածություն։ Շուրջը խոսում էին, ծիծաղում, աղմկում, ոչինչ չէր լսում։ Նա հրում էր անցորդներին, հրվում էր ուժգին և... ոչինչ։

Նա այդ ամբոխից չէ և չունի ոչ մի կապ նրա հետ։ Ինքն իր մեջ պարուրված, նա ճանաչում է միայն իր հոգու աշխարհը և արտաքինը նրա համար գոյություն չունի։ Նրա երկայն ու թանձր մազերը, նիհար ուսերի վրա սփռված, նրա կերպարանքին տալիս են թափառական դարվիշի տեսք։ Պակասում են միայն տապարն ու քեշկյուլը։ Նրա տոպրակի չափ լայն գրպանները լիքն են լրագրերով ու գրքերով։ Իսկ մի մեծ գիրք նա բռնած ունե իր կռնատակին և այնպես ամուր, որ, կարծես, վախենում է միգուցե անցորդները խլեն նրա ձեռքից։

Քսանուհինգ տարի է արդեն անտանելի մտքերը տանջում են նրան, որդերի պես կրծոտելով նրա սիրտն ու հոգին։