Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/92

Այս էջը հաստատված է

Քսանուհինգ տարի է նա դարձել է այդ մտքերի կամազուրկ ստրուկը և չի ընդունում ոչ մի օրենք, ոչ մի իշխանություն, բացի նրանց երկաթե ճիրաններից։

Դեռ պատանի հասակին չհասած զգաց, որ կյանքի բարձրագույն երջանկությունը մտքի անկախության և հոգու ազատության մեջ է։ Ոչ ոսկին, ոչ սերը, ոչ բարեկամությունը, ոչ դիրքը, ոչ մի բան չի կարող տալ մարդուն այն հաճույքը, որ տալիս է միտքը, երբ նա գործում է, ստեղծագործում և հափշտակում ամբոխին։

Մի անգամ դպրոցական աշակերտները կատակով հարցրին` չէ՞ր կամենալ արդյոք դառնալ Ալեքսանդր Մակեդոնացի։ Նա ամենայն լրջությամբ և զգացված պատասխանեց.

— Կկամենայի, բայց ոչ երկրներ գրավելու, այլ մարդկանց հոգիներին տիրանալու համար։

Նրան ծաղրում էին։ Սակայն եղան և այնպիսիները, որոնք նրա համար գուշակեցին փայլուն ապագա կամ փիլիսոփայության, կամ գրականության ասպարիզում։ Նա հափշտակվեց և ավելի խոր հավատաց իր ներքին ձայնին։ Ինչ էր ասում այդ ձայնը։ Նա շշնջում էր.

— Դու, Միսակ Ավալյան, սովորական մահկանացու չես, մեկը միլիոններից։ Քո ճակտին դրոշմած է անմահության կնիքը։ Դու կոչված ես մարդկանց հոգիներին տիրանալու քո խելքով, խոսքով ու գրչով: Դու հանճար ես քո ազգի համբավը զարդարելու համար։

Եվ ահա քսանուհինգ տարի է նա այդ ձայնի գերին է: Ինչե՜ր չի կրել նա հանուն իր բարձր «կոչման» — ի՛նչ դառնություններ, ի՛նչ նյութական զրկանքներ և բարոյական տառապանքներ։ Ահ, եթե գրի առնե բոլորը, ինչ որ ապրել է ու զգացել, դուրս կգա մարտիրոսագրության մի ստվար հատոր, որ կարող է սարսուռ ազդել ընթերցողների վրա։ Նա այդպես էլ ասում էր։

— Իմ կյանքը,— կրկնում էր մերձավոր բարեկամների մոտ,— մի ողբերգություն է անթիվ գործողություններով։ Տեսարանները միմյանցից սոսկալի են։ Կգա ժամանակ, երբ ես կտամ նրանց գեղարվեստական նկարագիրը, և մարդիկ