Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/93

Այս էջը հաստատված է

կտեսնեն ինչ ահռելի տառապանքների է մատնված գաղափարին նվիրված մարդը։

Այսօր նրա ֆանատիկոսյան ճակատն ավելի կնճռոտ է, շրթունքներն ավելի սեղմված, նրա վտիտ կերպարանքը, կարծես, ինքը մարմնացած թշվառությունն է։ Անցորդները նրան համարում են բախտի անիվի տակ ջախջախված մեկը, որ չգիտե ուր տանի իր ողորմելի անձը, նայում են նրան մերթ կարեկցությամբ, մերթ արհամարհանքով։ Ոմանք կանգ են առնում և հետաքրքիր հայացքով հետևում են նրա երերուն քայլերին, կարծես, սպասելով, թե ահա, ահա նա ուժասպառ պիտի թավալվի գետնի վրա։ Նրան ամեն օր տեսնում են զբոսավայրում, և միշտ մենակ, միշտ խորասուզված իր մտքերի մեջ, միշտ կռնատակին մի գիրք կա և շատերը, որ նրան համարում էին հոգեկան հիվանդ և խղճում են ասելով.

— Էլի այդ խեղճ մարդը։

Նա ճեղքեց ամբոխը մի ամենախիտ տեղ, ցած իջավ մայթից։ Նա կամեցավ ձիաքարշ նստել, ինքն էլ չգիտեր ինչու։ Կոնդուկտորը մոտեցավ նրան։ Նա մեքենաբար առավ տոմսակը, դրեց գրպանը, մի վայրկյան անգամ չազատվելով իր մտքերից որպես կախարդված մեկը։

— Իսկ փողը,— ասաց կոնդուկտորը։ Նա մոռացել էր, որ գրպանում ահա երեք օր է կոպեկ չունի։ Շփոթվեց, բայց ի՞նչ փույթ, վաղուց էր սովոր նման պատահարների։ Նա տոմսակը հետ դարձրեց, շտապով ցած իջավ վագոնից, հետևից լսելով կոնդուկտորի լկտի ծիծաղն ու հայհոյանքը։

Ինչ է պատահել, որ այսօր այնքան մտամոլոր է ու շփոթված։ Ոչինչ, մի շատ սովորական բան — ընդհարում իր կնոջ հետ։ Ճիշտ այն պահին, երբ նա սկսեց պարապել իր բազմաթիվ գրքերով ծանրաբեռնված սեղանի մոտ, անզգա կինը մոտեցավ և հանդգնեց նրանից պահանջել օրվա ծախսի համար դրամ։ Ընդամենը մի ռուբլի։ Նա մերժեց, որովհետև չուներ։

— Ուրեմն ինչո՞վ պիտի կերակրեմ երեխաներիդ,— ասաց անողոք կինը այն դարձվածը, որ ամեն օր կրկնում էր և որ մուրճի հարված էր խեղճ մարդու համար։