Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/10

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Գ.

ՕԼԳԱ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ. Դու դեռ տա՞նն ես։

ՕԼԳԱ. Անպիտան ծառաների շնորհիվ։

ՄԱՐԻԱՄ. Այսօր էլ մենա՞կ պիտի կառք նստես։

ՕԼԳԱ. Մենակ, ինչպես միշտ. ծառան նստած կառապանի մոտ, ինքս ազատ, համարձակ։ Այդ շատ դուր է գալիս ինձ, բոլոր արիստոկրատները այդպես են անում։

ՄԱՐԻԱՄ. Բայց տիկինները և ոչ թե օրիորդները։

ՕԼԳԱ. Ինձ համար միևնույնն է։

ՄԱՐԻԱՄ. Օլգա, դու շատ համարձակ ես պահում քեզ։

ՕԼԳԱ. Քո կարծիքով ինչպե՞ս պետք է լինեի։ Չլինի՞ թե ուզում ես մեր բազազների աղջկերանց պես դեդիդես առաջից, մամիդես հետևից գցած ման գամ, ֆի՜ի... զզվում եմ։ Ոչ, մամա, ձեր ժամանակը անցավ, թող անեմ, ինչ որ գիտեմ։ Ես ուզում եմ ապրել այնպես, ինչպես ապրում են մայրաքաղաքներում։

ՄԱՐԻԱՄ. Լա՛վ. արա, ինչ որ ուզում ես, չեմ կարող սրտիդ դիպչել։ Բայց, փառք աստուծո, որ այժմ կարողություն ունենք մի քիչ շքեղ ապրելու: Ի՞նչ պետք է անեինք, եթե եղբայրդ ամուսնացած չլիներ։

ՕԼԳԱ. Եղբայրս գիտե սիրել իր մորը և քրոջը: Նա իր կնոջ օժիտը մենակ իր համար չի ծախսում, մեզ էլ է օգնում։

ՄԱՐԻԱՄ. Այո, ամբողջ քաղաքն էլ իմանում է, որ Միքայելը փողի համար առավ այն աղջկան։ Եթե հարուստ լիներ, մեր ազգի անունը չէր կապի նրա խայտառակ հոր անվան հետ։

ՕԼԳԱ. Մամա, այդքան ասում եք խայտառակ, խայտառակ, բայց ուղիղն ասած, ես չգիտեմ Հեղինեի հայրը ի՞նչ է արել, որ վատ անուն է թողել աշխարհում:

ՄԱՐԻԱՄ. Եվ լավ է, որ չիմանաս և չխոսես այդ բանի մասին:

ՕԼԳԱ. Դու ասա, Հեղինեն հենց ինքը անարժան էր այս տանը:

ՄԱՐԻԱՄ. Ինքը դեռ, է՜հ, մի բան է. գիմնազիայումն է ուսում առել, ռուսերեն, ֆրանսերեն խոսում է։ Իսկ մա՜յրը,