կառավարել, մի քոսոտ Բաղդասարի կամ Մաթևոսի կոնտորա կառավարել չե՞մ կարող։ (Շրջում է): Ոչ, այդ չէ, քույր Մարթա, ընդունակ ես, բայց լռել չգիտեմ։ Օօ՜, լռելու արհեստը շողոքորթելու արհեստից էլ շահավետ է։ Ես
ճանաչում եմ մարդիկ, որոնք համարվում են խելոք, որովհետև գիտեն լռել և խորհրդավոր կերպով իրանց քիթը քորել։ Քիթ քորելն երևելի տաղանդ է։
(Մարթան ծիծաղում է): Բայց դուք ծիծաղում եք, (զանգի ձայն) ձեզ հետ լուրջ խոսել չի կարելի։ Ահա, հյուրեր։ Գրազ կգամ, որ Գալամքարյաններն են։ Ով լինի-չլինի, նրանք ամեն շաբաթ երեկո այստեղ են։ (Ներս են մտնում տիկին և պարոն Գալամքարյանները: Կինը հագնված է շքեղ, մարդը հնամաշ սյուրտուկով է): Տեսա՞ք... Ռոմեո և Ջյուլիետտա։
ՏԵՍԻԼ 4
ՆՐԱՆՔ և ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆՆԵՐ, հետո ԵՎԳԻՆԵ
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Բարևելով, իսկ Մարթայի հետ համբուրվելով) Ա՜խ, Մարթա, եթե իմանաս ինչքան հոգնած եմ, կցավես։ (Նստում է): Այսօր երեք նիստ եմ ունեցել, չորրորդն էլ բաց եմ թողել: Ամբողջ քաղաքն էլ չափչփել եմ։ Անիծվի՜ այսպես քաղաքը. մի հատ բնակարան չեմ գտնում խեղճ տաճկահայ որբերի համար։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. էլի՞ որբեր։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Այո, այո, էլ մի՛ ասա։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Նստում է սյուրտուկի փեշերը զգուշությամբ հետ քաշելով): Լոխ էլ եկել են մեր գլխին թափվել։ (ժպտում է):
ՍԱՌԱՓՅԱՆ. Լո՜խ։ (Մարթան հանդիմանաբար նայում է Սառափյանին):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ըմբո, փռակդ նոր ըմ տեսնում, էդ հինչ տեղ... (Ժպտում է) :
ՍԱՌԱՓՅԱՆ.(Սիգարի ծուխը հրճվանքով արձակելով վեր) Տենցևայլնիյ վեչեր ըմ քինիլական... (Մարթան,