ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Տիկինը ճիշտ է ասում, Եվգինե, դու գունատ ես։ Ի՞նչ պատահեց:
ԵՎԳԻՆԵ. (Տիկ. Գալամքարյանի խորհրդավոր հայացքից շփոթված) Ե՞ս... ճշմարիտ... ոչինչ. (Աշխատում է ժպտալ): Գլուխս մի քիչ պտտում է, սիրտս բաբախում։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Արյան սակավությունից կլինի, այո, դրանից կարող է մարդու գլուխը պտտել։ (Նայում է իր ամուսնուն խորհրդավոր):
ԵՎԳԻՆԵ. Ոչինչ, անցավ նստեցեք խնդրեմ։ (Նստում են): Էհ, ասացեք, տիկին, ինչ նորությո՞ւն, ինչով եք զբաղվա՞ծ.
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Միթե տիկին Գալամքարյանին հարցնել կարելի՞ է, թե ինչով է զբաղված։ Հենց հիմա այդ մասին էի գանգատվում։ Ձեզ մոտ էլ գործով եմ եկել։
ԵՎԳԻՆԵ. Հրամայեցեք։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Մի նոր ընկերություն ենք կազմել, դուք էլ պիտի անդամ դրվեք:
ՍԱՌԱՓՅԱՆ. Ընկերություն՝ ընկերական ոգին սպանելու համար—ահա բոլոր հայ ընկերությունների նպատակը։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱԸՅԱն. Դուք ամեն լուրջ բան կատակ եք դարձնում, պարոն Uառափյան։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Կիրափառ ըս խոսըմ, Սռափով:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին) Իսկապես, ես սխալ ասացի, ընկերություն չէ, այլ շատ մոտիկ ծանոթների մի փոքրիկ շրջան։
ԵՎԳԻՆԵ. Նպատա՞կը։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՀԱՐՅԱՆ. Աղքատ հարսնացուներին օժիտ տալ։
ՍԱՌԱՓՅԱՆ. Պարոն Բարսեղ, շնորհավորում եմ։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Խիի՞..
ՍԱՌԱՓՅԱՆ. Նոր ընկերությունը ձեր մագազինի փտած ապրանքները կնաղդացնի: (Մարթան թաքուն ծիծաղում է):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ըմբո, ես հիբի՞ եմ փտած ապրանք ծախալ...
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին) Հուսով եմ, որ չեք մերժիլ։ Անդամավճարը միանվագ երկու հարյուր ռուբլի։
ԵՎԳԻՆԵ. Չգիտեմ։ Ամուսնուցս կհարցնեմ, հետո պատասխան կտամ։