Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/118

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 2

ԵՎԳԻՆԵ և ՀՌԻՓՍԻՄԵ

ԵՎԳԻՆԵ. Այդ ու՞ր ես շտապում, մամա։ Գլխարկդ վերցրու,միասին նախաճաշ կանենք։

ՀՌԻՓՍԻՄԵ. Չէ, պետք է գնամ Հորաքրոջդ մոտ։ Երկու ամիս է չեմ տեսել. ամոթ է։ Նա քեզ շատ է սիրում, միշտ գովում է։ Ով քեզ սիրում է, ես էլ նրան եմ սիրում: Դու ասա տեսնեմ, ինչո՞ւ այսօր աչքունքդ թթված է։
ԵՎԳԻՆԵ. Ասացի, որ անքուն եմ եղել։
ՀՌԻՓՍԻՄԵ. Ախ, ճշմարիտ ասացիր։ Ուշքս տեղը չէ։ Գիտես, Ժենյա, քո պսակվելուց հետո ուշքս իսկի վրես չի լինում։ Ուրախությունիցս է,
ուրախությունիցս: Դու բախաավոր ես, ես էլ հարբածի պես եմ: Աչքիս լույս, հոգիս, (համբուրում է ) օրից-օր սիրունանում ես, այ, ինչ ասել է լավ ապրել։ Այդ ի՞նչ է, էլի նոր հագո՞ւստ։ Ախ, ոսկի է, ոսկի Միհրանը, թագուհու պես է պահում քեզ։ Երեկ մոտս էր, հարյուրերորդ անգամ գովեց քեզ։ Ինձանից էլ շնորհակալ է, որ քեզ նման աղջիկ եմ պահել, մեծացրել նրա համար։ Նա շատ ուրախ է քեզանով, շատ...
ԵՎԳԻՆԵ. (Հեգնաբար ծիծաղելով) Ավելի կուրախանա, երբ ամեն բան կիմանա։
ՀՌԻՓՍԻՄԵ. Նա ամեն բան գիտե, ամեն բան, ես նրան բոլորը պատմել եմ։ Նա այնպես սիրում է հորդ հիշատակը, որ ուզում է նրա անունով մի որդեգիր պահել:
ԵՎԳԻՆԵ. Այդ քեզ ի՞նքն ասաց:
ՀՌԻՓՍԻՄԵ. Ինչպես չէ, հենց երեկ։ Այ, կարծեմ, առջիկա սեպտեմբերից, մեկին վերցնելու է:
ԵՎԳԻՆԵ. Ես չեմ թողնիլ։
ՀՌԻՓՍԻՄԵ. Բա՜հ, ինչու։
ԵՎԳԻՆԵ. Չի հարկավոր։ Առանց այդ էլ մենք նրան շատ ենք պարտական։
ՀՌԻՓՍԻՄԵ. Պարտակա՞ն։ Ինչո՞վ։ Փառք աստծու, ուրիշ զոնքաչների պես նրա շլինքին չեմ նստել ու նրա հացով չեմ ապրում։