ՀՌԻՓՍԻՄԵ. Հա՞, ով գիտե, հոր պիտի փորեք, նավթ հանեք…
ԳԱԲՐՈ. Այո, այդպիսի մի բան։ Ասացեք, ինչպես եք, դո՞ւք, Եվգինե՜ն։ Լսել ենք, լսել ենք:
ՀՌԻՓՍԻՄԵ. (Պարծանքով ցույց տալով շուրջը) Տեսնում ես էլի, դիփ Ժենյայիս համար է սարքած։
ԳԱԲՐՈ. (Դիտելով շուրջը) Հիանալի է, շատ ուրախ եմ։ Ասում են, շատ խելոք ու ազնիվ մարդ է ու շատ լավ փաստաբան։
ՀՌԻՓՍԻՄԵ. Մի խոսքով, Ժենյաս բախտավորվեց, գոհություն աստծու։ Էհ, ձերոնք ինչպե՞ս են։
ԳԱԲՐՈ. Իմ քույրն էլ անցյալ շաբաթ նշանվեց։
ՀՌԻՓՍԻՄԵ. Վահ, ասա, որ ուրախանամ է։ Ո՞րն է նշանվել։
ԳԱԲԲՈ. Փոքրը, Լիզան…
ՀՌԻՓՍԻՄԵ. Ո՞ւմ հետ։
ԳԱԲԲՈ. Մի բժիշկ ուսանողի։
ՀՌԻՓՍԻՄԵ. Աստված երկուսին էլ մեծ բախտի արժանացնի է։ Հավատա, որդի, քույրերիդ էլ ու քեզ էլ միշտ հարազատ որդուս պես եմ սիրել։ Շատ ուրախ եմ։ Աղջիկս բախտավորվելուց հետո, ուզում եմ, որ ամբողջ աշխարհը բախտավորվի։ Ախ, ինչպե՜ս է սիրում, ինչպե՜ս է սիրում Ժենյայիս…
ԳԱԲՐՈ. (Ծխախոտի արծաթե տուփը գրպանից հանելով): Կարելի՞ է։
ՀՌԻՓՍԻՄԵ. Իհարկե, վա՛հ, մոռացե՞լ ես, որ ես Էլ եմ ծխում։
ԳԱԲՐՈ. (Առաջարկում է ծխախոտ) Ես ձեր ոչ մի սովորությունը չեմ մոռացել։ Այս շատ լավ պապիրոս է (Հռիփսիմեն վերցնում է ծխախոտ: Ազարյանը վառում է լուցկի, նախ տալիս է նրան ծխելու, ապա ինքն է ծխում): Ինքը Բոզարճյանցն է հատուկ ինձ համար պատվիրել իր գործարանում: Մի մեծ արկղ բերել եմ հետս։ Եթե թույլ տաք, վաղը մի քանի հարյուր կուղարկեմ ձեզ համար։
ՀՌԻՓՍԻՄԵ. (Ծխելով) Շատ լավն է։ Իսկի չես փոխվել, էլի էն Գաբրոն ես, միշտ քաղաքավարի, բարի, կավալեր...
ԳԱԲՐՈ. Իսկ դուք փոխվել եք, չաղացել եք, ջահելացել, սիրունացել…