Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/124

Այս էջը հաստատված է

համենայն դեպս, վարվում եմ ավելի մեղմ, քան դուք վարվեցիք ինձ հետ։

ԳԱԲԲՈ. Ես ձեր վրա բռնություն գործ չեմ դրել:
ԵՎԳԻՆԵ. (Երեսն արագ դարձնելով դեպի նա) Բռնությո՞ւն։ Դուք ավելի լավ միջոց եք գործ դրել: Եթե լինեիք ավազակ և ինձ անպատվեիք, այսօր ես հազար անգամ պակաս կտանջեվի։ Բայց ոչ, դուք հափշտակեցիք ինձ քաղցր լեզվով, որ սրից ու կրակից զորեղ է։ Չեմ հերքում, դուք ինձ դուր էիք գալիս, որովհետև գեղեցիկ էիք: Բայց մի մոռանաք, որ կյանքն ինձ համար մի մթին աշխարհ էր։ Ճշմարիտ է, մի օր դուք ինձ թվացիք ասպետ: Այնպիսի ասպետ, որ պատրաստ էր իր կյանքը վտանգի ենթարկել մի խեղճ աղքատ աղջիկ կրակից ազատելու։ Բայց ինչ գիտեի որ կրակը հենց դուք ինքներդ եք։
(Սկսում է անցուդարձ անել):
ԳԱԲԲՈ. Չգիտեի, որ իմ սերը ձեզ համար կրակ էր։
ԵՎԳԻՆԵ. Սե՜ր։ (Դառն ծիծաղ) Հա, հա, հա՛, սե՜ր։ Ծաղր, խաբեություն, անարգանք և ոչ սեր։ Ես մինչև այսօր չեմ կարողանում ինձ հաշիվ տալ, ինչպես պատահեց այդ: Բայց այդ օրն ես ոչ միայն հավատում էի ձեզ, այլև հաճելի էր ինձ հավատալ։ Եվ դուք, օգտվելով այդ բանից, գործ դրեցիք ձեր լեզուն, այդ թունավոր դեղը։ Նա կամաց-կամաց վարակում էր արյունս, սպանում էր իմ մեջ ամոթի զգացումը, և սպանեց։ (Ընկղմվում է գահավորակի վրա և երեսն ամոթից ձեռներով ծածկում):
ԳԱԲԲՈ. (Լսում է նրան, հեռվում կանգնած, հետո մի քանի քայլ մոտենում) Եվգինե, այդ բոլորն անցած բաներ են: Ինչո՞ւ եք քրքրում անցյալն և ինքներդ ձեզ տանջում։ Այն օրից հետո մենք մի քանի տարի էլ եղել ենք հարևաններ և... բարեկամներ։
ԵՎԳԻՆԵ. Ես ձեզ երբեք չեմ սիրել։
ԳԱԲԲՈ. Բայց չեք էլ ատել, երբեմն մինչև անգամ թույլ եք տվել ձեզ փաղաքշելու: Մի՞թե կարող եք հերքել այդ։
ԵՎԳԻՆԵ. (Ցնցվելով): Օօ, զզվելի՜ րոպեներ։
ԳԱԲՐՈ. Ինչո՞ւ։ Զզվելի կլիներ այն ժամանակ, եթե այդ օրից հետո ձեզ չհամբուրեի։ Բայց ես ոչ միայն համբուրում,