այլև սիրում էի ձեզ։ Այո, այո, սիրում էի և, վկա է ասաված, ուրախությամբ կամուսնանայի ձեզ հետ, եթե հանգամանքները ներեին։ Իմ վզին մեծ լուծ կար — մայրս և քույրերս։ Ավելացրեք և այն, որ այդ միջոցին ես անգործ էի։ Այժմ, Եվգինե, պետք է մոռանալ անցյալն և ապրել
նոր զգացումներով։ Դուք ժամանակակից կին եք, կրթված, զարգացած, դուք պիտի հեռու լիեք նախապաշարումներից։
ԵՎԳԻՆԵ. (Գլուխը բարձրացնելով, վեր է կենում): Հետո՞ ...Հետո՞...
ԳԱԲՐՈ. (Խրախուսվելով): Այն օրից անցել է ինը տարի— մի ամբողջ հավիտենականություն։ Դուք տեղափոխվել եք օտար քաղաք, հաջող կերպով ամուսնացել և ահա մի տարուց ավել է, վայելում եք հանգիստ ամուսնական կյանք։ Այժմ ոչ ոք չգիտե ինչ է եղել ձեր անցյալում, ոչ ոք, բացի ինձանից...
ԵՎԳԻՆԵ. (Զայրացած): Ոչ ո՞ք։ Սուտ եք ասում։ Որ դուք գոնե մի անգամ պարծեցած չլինեք ձեր հաղթությամբ, դու՞ք. հա, հա, հա։ Ո՞վ չգիտե, որ դուք և ձեզպեսները հենց նրա համար եք ինձ նմաններին մոլորեցնում, պատվից զրկում, որ հետո պարծենաք։ Դա ձեր հերոսությունն է: Բայց բավական է։ Լսեցե՛ք, ես ոչ միայն չեմ աշխատիլ ձեր լեզվի վրա որևէ սանձ դնել, այլ կազատեմ նրան ամեն մի սանձից։ (Սկսում է անցուդարձ անել):
ԳԱԲՐՈ. (Ապշելով): Այդ ինչպե՞ս։
ԵՎԳԻՆԵ. Կարդացե՞լ եք Արաբաջյանի մասին լրագրերում։
ԳԱԲՐՈ. Ի՞նչ եք ուզում ասել։
ԵՎԳԻՆԵ. Այն, որ ես կհետևեմ այն թշվառ կնոջ օրինակին:
ԳԱԲՐՈ. Եվ կխոստովանեք ձեր ամուսնո՞ւն։
ԵՎԳԻՆԵ. Այո՛։
ԳԱԲՐՈ. (Պաուզա): Դուք այդ չեք անիլ։
ԵՎԳԻՆԵ. Եվ ո՞վ կարգելի ինձ։
ԳԱԲՐՈ. Դուք չեք կամենալ ձեզ կործանել։
ԵՎԳԻՆԵ. Լավ է կործանվել, քան թե ապրել այնպես, ինչպես այժմ։