Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/134

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Գ.

Բեմը ներկայացնում է Միհրանի ընդարձակ առանձնասենյակը: Երկու դուռ — խորքում և ձախ: Խորքինը տանում է նախասենյակ, որի մյուս կողմումն է Միհրանի փաստաբանական գրասենյակը, ձախինը տանում է հյուրասենյակ: Աջ պատի վրա՝ դեպի փողոց լուսամուտներ: Տնեցիներն ել և մուտք ունին ձախի դռներից: Աջ պատի տակ դրած է Միհրանի գրասեղանը, վրեն հեռախոսի ապարատ, թանաքաման, թղթեր, պաշտոնական գործեր, խորքի պատի տակ գրքերի պահարան դարակներով, քովը երկաթե դրամարկղ: ձախ կողմում կաշվեծածկ գահավորակ և բազկաթոռներ, սեղան, վրեն ամսագրեր: Մի տուփ՝ ծխախոտով լի և այլն: Հատակին սփռած է պարսկական գորգ: Պատերին մի քանի գրավյուրներ և մի քանի թատրոնական նշանավոր գործիչների, նաև եվրոպական հռետորների պատկերներ:

ՏԵՍԻԼ 1

ՎԱՐՍԱՄՅԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՐ

Վարագույրը բարձրանալիս Վարսամյանը, Միհրանի գրասեղանի մոտ կանգնած, թղթերի մեջ փնտրում է ինչ որ թուղթ, իսկ գրագիրը մի թերթ ձեռին, գրիչն ականջի վրա դրած,