Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/135

Այս էջը հաստատված է

կանգնած է խորքի դռների առջև: Մի քանի վայրկյան լռություն:


ՎԱՐՍԱՄՅԱՆ. Չգիտեմ որտեղ է դրել նա այն թուղթը։ (Դադարում է փնտրել) Լավ, առայժմ արտագրեցեք այդ խնդիրը, ինքը կգա, կհարցնեմ։

ԳՐԱԳԻՐ. (Երեսը դարձնում է դուրս գնալու, իսկույն հետ է դառնում: Պաուզա): Գրասենյակում մի քանի այցելուներ են սպասում։

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Իսկույն կգամ։

ԳՐԱԳԻՐ. Նրանք ուզում են անձամբ պարոն Ալվերդյանին տեսնել։

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ասացեք, որ Ալվերդյանն ոչ ոքի չէ ընդունում։ (Գրագիրը գնում է: Վարսամյանը, գրասեղանի մոտ կանգնած, ձեռը հենում է ճակատին և մտածում: Խորքի դռներից ներս է մտնում Սառափյանը):

ՏԵՍԻԼ 2

ՎԱՐՍԱՄՅԱՆ և ՍԱՌԱՓՑԱՆ

ՍԱՌԱՓՅԱՆ. (Ճակատը թաշկինակով սրբելով): Ահա քեզ և գարնան սկիզբ. արդեն տաքն զգալի է։ (Բարևելով): Հըմ, էլի միևնույն տրամադրության մեջ է մեր պարոնը։


ՎԱՐՍԱՄՅԱՆ. Անփոփոխ։

ՍԱՌԱՓՅԱՆ. Զարմանալի է. հասկանալ չեմ կարող ինչ է պատահել այս տանը։ Միհրանը խոմ այդպես է, Մարթային խոսեցնել չի լինում, իսկ Եվգինեն իր ննջարանից դուրս չի գալիս։ Պետք է, վերջապես, պատճառն իմանալ։ (Քայլերն ուղղում է դեպի ձախի դռները):

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Կարծեմ հրամայված է ոչ ոքի չընդունել:

ՍԱՌԱՓՅԱՆ. Ահա թե ինչ։ Տարօրինակ է, տարօրինակ, ոչինչ չեմ հասկանում։ Ահա, ով որ գալիս է։ (Ձախ դռներից ներս է մտնում Մարթան տխուր դեմքով):