ՄԻՀՐԱՆ. (Շարունակ որոնելով արկղի մեջ): Գո՞րծ ունիս հետս․․․
ՍԱՌԱՓՅԱՆ. Ուզում էի առաջարկել մի քիչ զբոսնելու ինձ հետ։ Եղանակը վատ չէ, թեև մի քիչ տաք է։
ՄԻՀՐԱՆ. Ես ցերեկները ե՞րբ եմ զբոսնել... (Հանում է արկղից մի թուղթ, նայում է, վերնագրին, վեր է կենում, մոտենում խորքի դռներին): Ո՞վ կա այստեղ (Գալիս է գրագիրը): Այս թուղթ վաղը կարտագրեք և կներկայացնեք դատարանին։
ԳՐԱԳԻՐ. Հա, հենց մենք էլ այդ էինք փնտրոմ։ (Վերցնում է թուղթը):
ՄԻՀՐԱՆ. Մեկ ժամն է, կողպեցեք դրա սենյակն ու գնացեք։ (Գրագիրը գնում է): Զարմանալի ողորմելի էականեր կան աշխարհում. այդ ապուշը, մինչև ամեն օր չարձակեմ պարապմունքից, ինքնագլուխ չի գնա։ Կարծես, այդ ստրկական պաշտոնը հաճելի է նրա համար։ (Սառափյանին է դառնում պաուզայից հետո): Է՞լ ինչ կասես․․․
ՍԱՌԱՓՅԱՆ․ Ոչի՛նչ․․․
ՄԻՀՐԱՆ. Այդ քիչ է․․․ Բայց դեմքդ ցույց է տալիս, որ մի բան ուզում ես ասել․ ի՞նչ էր խնդրում քեզանից հորաքույրդ։
ՍԱՌԱՓՅԱՆ. (Զարմանալով ու շփոթվելով): Հորաքույրս․․․
ՄԻՀՐԱՆ. Այո իմ զոքանչը․․․ Չէ՞ որ մի փոքր առաջ նա այստեղ լալիս էր քո առջև։ (Նայելով նրան խորհրդավոր): Երբեմն մարդ կարող է պատի հետևից էլ զգալ, թե ինչ են խոսում իր մասին։ (Մտածում է): Բայց ինձ համար միևնույն է, ինչ ուզում են — թող խոսեն։ Հասկանում եք, միևնույն է․․․ (Ձեռով մի շարժումն անելով, դարձյալ նստում է գրասեղանի քով: Խորքի դռներից ներս են մտնում Սուլթանյանը և Վարսամյանը):
ՏԵՍԻԼ 6
ՄԻՀՐԱՆ. (Տեսնելով նրանց, աշխատում է ձևանալ անհոգ ու զվարթ): Ա՜ա, կովկասյան ամերիկացի, բարով։ Ի՞նչ է ասում քո գործնական փիլիսոփայությունը․․․