Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/141

Այս էջը հաստատված է


ատամներով է պահում նրան։ Այդ ամուսինը դեռ հույս է ունենում իր ընտանեկան հանգստությունը վերականգնելու։ Նա զսպում է իրան։ Այնինչ ֆրանտը կարծելով, որ հասել է իր վերջին ժամը, գրպանից հանում է մի դանակ՝ պաշտպանվելու համար։ Ամուսինն ասում է նրան. «հեռացիր, ես չեմ ուզում մարդասպան դառնալ»։ Սակայն ֆրանտը թույլ է տալիս իրան մի արհամարհական ծիծա՜ղ։ Եվ ահա այդ ծիծաղը, իբրև լկտի անարգանք, կտրում է անպատվածի համբերությունը․ թշվառն արձակում է հրացանը, և ֆրանտը թավալվում է իր սիրուհու ոտների տակ։

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Պաուզա): Եվ այժմ կինը ողբում է իր սիրեկանին, իհարկե։

ՍՈՒԼԹԱՆՅԱՆ. Ընդհակառակը, նա լալիս է իր ամուսնու մասին։ Եվ հենց նա ինքն է ինձ խնդրել մի լավ փաստաբան վարձել իր մարդու համար։

ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ահա այստեղ կարող էիր ասել. «արի ու հասկացիր կնոջ հոգեբանությունը»։ (Միհրանին): Բայց ես զարմանում եմ, ահա երեք տարի է քո օգնականն եմ և չեմ հիշում, որ մի գործ քեզ այնքան հուզած լինի, որքան այդ մեքենապետի գործը․․․

ՄԻՀՐԱՆ. (Անցուդարձ անելով): Ինձ հուզում են այդ մարդու քաշած տանջանքները։ Որքան համբերություն, որքան հոգեկան ուժ պետք է ունենա մի մարդ, որ կարողանա զսպել իր մեջ գազանին երեք տարի շարունակ․․․ Իսկ նա մի հասարակ մեքենապետ է, գրեթե անկիրթ․․․

ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Իմ կարծիքով, աշխարհում երկու տեսակ մարդիկ գիտեն հերոսաբար կրել իրանց վիշտը — փիլիսոփաները և աշխատանքի մարդիկ։ Եվ դրանք են կազմում մարդկության բարոյական արիստոկրատիան։ Մյուսները միջին էակներ են և խաղալիք իրանց ճակատագրի հաճույքին․․․

ՄԻՀՐԱՆ. (Նայելով Սուլթանյանին խոր և տարօրինակ հայացքով) Այո։

ՍՈՒԼԹԱՆՅԱՆ Այո։ Ով երկնքում չի սավառնում մտքերով կամ ամբողջ էությամբ կպած չէ երկրին, ծառի ճյուղի պես