Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/142

Այս էջը հաստատված է


երերվում է ամեն մի թեթև հողմից․․․ Ինչևէ, ես շատ ուրախ եմ, որ իմ
մեքենապետի գործն այդքան քեզ հուզել է, այդ կնշանակե, որ դու նրան կպաշտպանես զգացումով։ Շատ ուրախ եմ։ Դեհ, ցտեսություն, ես գնամ թշվառի ընտանիքին ուրախացնեմ, որ հույս կա նրան արդարացնելու։ (Դառնալով Սառափյանին): Իսկ հետո ուզում եմ քեզ հետ «Եվրոպա» հյուրանոցում մի լավ ճաշել։ Գնանք։

ՍԱՌԱՓՅԱՆ. Ահա այդ բարձր է ամեն մի փիլիսոփայությունից (Միհրանին): Ցտեսություն։ (Վարսամյանին) Մտածիր որքան կամենում ես խորը, բայց մի սպասիր կյանքից կատարյալ երջանկություն, այլ վերցրու այն, ինչ որ տալիս է․ թեկուզ մի ուրախ ճաշ շամպանիայով։ (Սուլթանյանին) Ես քո խոնարհ ծառան։ Ցտեսություն․ (Սառափյանը և Սուլթանյանը գնում են խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 7

ՄԻՀՐԱՆ և ՎԱՐՍԱՄՅԱՆ

ՄԻՀՐԱՆ. (Մտքերի մեջ խորասուզված մի քանի վայրկյան լուռ անցուդարձ է անում: Պաուզա): Ի՞նչ ես կարծում նա իրավացի՞ է։


ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ո՞վ։

ՄԻՀՐԱՆ. Սուլթանյանը. նա ասում է, ով երկնքում չի սավառնում կամ երկրին կպած չի իր ամբողջ էությամբ, երերում է ամենաթեթև հողմից։

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Որ շարունակ նայում է յուրաքանչյուր շարժմանը): Նա մի բանում իրավացի է, այն է՝ աշխատանքի մարդիկ ավելի հեշտությամբ են կրում իրենց վիշտը։ Այո, ես կարծում եմ, չկա վիշտ, որին կարելի չլիներ խեղդել աշխատանք ասված առյուծի ճիրաններով։ Այս տեսակետից զարմանալի է ինձ համար քո վերջին ժամանակվա ծուլությունը․․․

ՄԻՀՐԱՆ. (Հանկարծ կանգ առնելով, նայում է նրան խորը-խորը): Ինչո՞ւ ես այդ ասում։