Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/146

Այս էջը հաստատված է

ՄԻՀՐԱՆ. Ոչինչ չի կարող նրան այնպես արդարացնել, որպես հենց իր խոստովանությունը և ոչ ոք չի կարող նրան այնքան խիստ դատապարտել, որքան նա ինքը․․․


ՄԱՐԹԱ. (Պաուզա։ Մոտենում է եղբորը): Լսիր, Միհրան. մանուկ հասակից մենք եղել ենք ընկերներ, քո վշտերն և ուրախություններն իմն են եղել, քո անունն ու պատիվը իմն եմ համարել։ Մեր ծնողների մահից հետո ես քեզ համար եղել եմ մայր և հայր․․․ Ուսուցչություն անելով, քեզ օգնել եմ, որ բարձրագույն ուսում ստանաս։ Ուրեմն ի՞նչպես կարող եմ սառնորեն վերաբերվել քո ճակատագրին։ Ասում ես. «ներում եմ»։ Գուցե, բայց մի՛ մոռանար, որ կա հասարակական կարծիք, բարեկամների թաքուն արհամարհանք, թշնամիների չար ուրախություն։ Այս բոլորը դու գուցե սկզբում կարողանաս արհամարհել, բայց հետո՞, հետո կսկսես ականջ դնել շշուկներին։ Եվ այն ժամանակ կատես նրան ավելի, քան կարող էիր ատել այժմ, եթե այդպես չմտածեիր։ Ուրեմն, մի՞թե ավելի լավ չէ խնդիրը լուծել հենց այժմ։ (Պաուզա)։ Արձակի՛ր նրան։

ՄԻՀՐԱՆ. Այդ է քո բոլոր ասելիքը։ Հասարակական կարծիք, բարեկամների արհամարհանք, չգիտեմ էլ ինչ։ Մարթա, այդ բոլորից ավելի բարձր ու թանկ է ինձ համար իմ ներքին դատավորի ձայնը։ Ես գիտեմ, որ բարոյականի կողմից մեր կյանքի ինը տասներորդականը պատկանում է հասարակությանը, գիտեմ որ կան ավանդություններ, որոնց չի կարելի ոտնատակ անել անպատիժ։ Բայց ես ուզում եմ հպատակվել իմ խղճի ձայնին․․․ Իսկ նա, այդ ձայն ինձ ասում է. «Եվգինեն արժանի է ներման»։ Ոչ, այդ ձայնն ավելի է ասում։ Նա ասում է. «Եվգինեն բարձր բարոյականության տեր կին է»։ Մարթան ապշած նայում է նրան): Զարմացիր, բայց այս մի այնպիսի համոզմունք է, որին չի կարող խեղդել իմ մեջ ոչ մի հասարակական նախապաշարմունք։ (Պաուզա): Միթե ես չգիտեմ, որ ընկերական նիստ ու կացի պայմաններն անհատները չեն ստեղծում։ Սակայն անհատները կարող են արհամարհել նրանց և մինչև անգամ փոփոխել․․․ Ինչ ասել կուզի, ես