Իսաևնան ձեզ խնդրում է յուր սենյակը։ (Գնում է միջին դռներով):
ՀԵՂԻՆԵ. Ա՜խ, մոռացա, մայրի՛կ, գնա, նա վաղուց է սպասում քեզ։
ՀՈՌՈՄ. Ի՞նչ գործ ունեմ նրա հետ, ես իմ աղջկա մոտ եմ եկել։
ՀԵՂԻՆԵ. Գնա՛, մայրի՛կ՛ նրա բնավորությունը գիտես, կարող է նեղանալ։
ՀՈՌՈՄ. Այո, միշտ ես պետք է հնազանդվեմ նրա կամքին: Գնում եմ, միայն թե երեսիդ չխոսեն։ (Գնում է աջ դռներով):
ՀԵՂԻՆԵ. (Միայնակ) Եղբայրս գալիս է․ որքա՜ն ուրախ եմ: Նա միշտ եղել է իմ խորհրդատուն և պաշտպանը։ Այժմ, կյանքի դժվար հանգամանքներում, նա միայն կարող է ինձ օգնել։ (Անյուտան միջին դռներից գալիս է):
ԱՆՅՈԻՏԱ. Պարոն Սուլիկյանը հարցնում է կարելի՞ է ներս գալ։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Դարձյալ նա, ինչու այդպես հաճախ է այցելում։ (Անյուտային) հրավիրիր ներս։ (Անյուտան գնում է) նա Միքայելի մտերիմ ընկերն է, որին նա շատ է գովում։ Սկեսուրս իր աղջկա համար հույս ունի նրա վրա։ Իսկ նա Օլգային չի հավանում, այդ երևում է։ Այսպես, թե այնպես պարտավոր եմ նրան ընդունել ամեն ժամանակ։ (Ներս է մտնում Սուլիկյանը):
ՏԵՍԻԼ Ը.
ՀԵՂԻՆԵ և ՍՈՒԼԻԿՅԱՆ
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ներեցեք համարձակությանս, գուցե անժամանակ է։
ՀԵՂԻՆԵ. Ոչ. նստեցեք, խնդրեմ։
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Հուսով եմ, որ ամենքդ առողջ եք, մանավանդ նորագույն սերնդի ներկայացուցիչը։
ՀԵՂԻՆԵ. Երեխայիս մասի՞ն եք հարցնում։
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Այո։