Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/151

Այս էջը հաստատված է

ՄԻՀՐԱՆ. Երբե՜ք, երբեք, դու պիտի մնաս իմ տանը հենց ինձ բժշկելու համար։ Քո պատիժը դու արդեն ստացել ես, բավական է, մի՞թե ես չգիտեմ ինչ է կատարվում այս րոպեին քո հոգում։ Դու պետք է մնաս իմ տանը։


ԵՎԳԻՆԵ. Չեմ կարող... վերջապես իրավունք չունիմ...

ՄԻՀՐԱՆ. Եվ ո՞վ է խլում քեզանից իրավունքը։

ԵՎԳԻՆԵ. Իմ խիղճը։— Հավատա՛, այդ միակ ելքն է, չկա ուրիշը, չկա։ Եթե ես մինչև այսօր հետաձգել եմ, պատճառը մայրս էր։ Ես սպասում էի, որ հարվածի ուժը մի փոքրիկ թուլանա նրա մեջ։ Այսօր ես հաջողեցի համոզել նրան, որ ինձ համար ուրիշ ելք չկա։ (Լռություն): Իրեղեններս արդեն կապկապած են, մնում է միայն... (Ճնշված ձայնով) վերջին անգամ նայել քեզ։ (Երեսը դարձնում է նրանից, որպեսզի արտասուքը թաքցնի):

ՄԻՀՐԱՆ. (Նայում է նրան համակրությամբ և սիրով լի հայացքով: Նրա դեմքն արտահայտում է ջերմ ցանկություն գրկել ու համբուրել Եվգինեին, բայց ինքնասիրությունը չի թույլ տալիս նրան այդ անելու: Պաուզա): Բավական է, բավակա՜ն է։

ԵՎԳԻՆԵ. (Կարճատև, բայց զորեղ պատերազմից հետո, վճռողաբար): Մնաս բարով... միայն... (Տատանվում է), բայց ոչինչ... (Բացասական շարժումն է անում ձեռով և քայլերն ուղղում դեպի ձախ կողմի դռները: Ներսի սենյակից լսվում է դայակի ձայնը, որ օրոր է երգում երեխայի համար: Խորքի դռներում երևում է Մարթան: Լսելով դայակի երգը, Եվգինեն զորեղ ցնցվում է, դողում և հազիվ ոտքի վրա մնալ կարողանալով, հենվում է դռների շրջանակին):

ՄԻՀՐԱՆ. (Նայում է շարունակ Եվգինեին):

ԵՎԳԻՆԵ. (Լռությունից հետո) Ես շատ եմ մտածել նրա մասին... (Խուլ ձայնով արտասանելով յուրաքանչյուր բառն առանձին) նա քեզ է պատկանում... Ես նրան թողնում եմ այստեղ։

ՄԱՐԹԱ. Եվ ուրիշ կերպ էլ չի կարող լինել...

ՄԻՀՐԱՆ. (Ցնցվում է քրոջ ձայնից): Ոչ, կարող է լինել... (Մոտենում է Եվգինեին):

ԵՎԳԻՆԵ. (Ուժասպառ ընկնում է Միհրանի գիրկը): Ա՜հ...