Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/155

Այս էջը հաստատված է
Առաջին և երկրորդ գործողությունները կատարվում են Բեզմուրյանի ամառանոցում, իսկ երրորդն ու չորրորդը նրանց քաղաքային բնակարանում։

Ա Ր Ա Ր Վ Ա Ծ Ա Ռ Ա Ջ Ի Ն

Գեղեցիկ ամառանոցային պարտեզ: Կենտրոնում երկու միմյանց կից բուսած ծառեր խիտ տերևներով: Նրանց ստվերի տակ թեյի սեղան սպիտակ սփռոցով ծածկված, շուրջը եղեգնյա աթոռներ: Խորքի ամբողջ երկայնությամբ երկաթե ցանկապատ, որի մեջտեղում դռներ՝ կանաչ ներկած: Դեպի աջ օրրան (համակ), որի վրա մի բարձ և մի անկազմ գիրք: Ցանկապատից դեն փողոց, հետո թփերով ծածկված բլուր, հետո միմյանցից բարձր լեռների շարք: Շատ հեռվում մի ձյունագագաթ լեռն, ընդհանրապես վեհ և գեղեցիկ կովկասյան պեյզաժ:


Բեմի աջ կողմը ներկայացնում է պարտեզի շարունակությունը: Այստեղ, ավանսցենայի մոտ դեղնագույն նստարան երկու հոգու համար: Բեմի ձախ կողմը ներկայացնում է ամառանոցի շինությունը: Գետնից մի քանի աստիճան բարձրությամբ բոլորաձև պատշգամբ, սքողված կանաչ պատատուկով: Դեպի պատշգամբ նայում է շինության ճակատը — երկու դռներ, մեկը մեջտեղում լայն, կամարաձև, մյուսն ավելի խորը — փոքր: Առաջին դռների աջ ու ձախ կողմերում՝ լուսամուտներ:

Պարտիզում ամենուրեք ծաղիկներ ու տրոպիկական բույսեր: Օգոստոսյան կեսօր է: Արեգակի շողերը տեղ-տեղ խաղում են կարմիր աղյուսի փոշով ծածկված գետնի վրա, իսկ ընդհանրապես ծառերի խիտ կանաչը տարածում է թանձր ստվեր: