ՏԵՍԻԼ 1
ՎԻՐԺԻՆԵ, ԱԼԵՔՈ, հետո ՄԱՐՄԱՐՅԱՆ
Վարագույրը բարձրանալիս Ալեքոն ցնցուղով ջրում է աջ կողմի ծաղիկները, ցածր ձայնով երգելով մի ժողովրդական երգ: Ձախ կողմից պատշգամբից իջնում է Վիրժինեն ձեռքին մի մեծ արծաթյա մատուցարան, վրեն սուրճի դատարկ գավաթներ, կարագ, խաշած ձվեր և այլն: Սկսում է դարսել սեղանի վրա: Փոքր ժամանակ երկուսն էլ զբաղված են իրանց գործով:
ՎԻՐԺԻՆԵ․ Երգիր, երգիր, էն ա բլբուլները հավաքվել են ծառի վրա ու քեզ են ականջ դնում։ (Լռում է) Դե լավ, զահլա մի տանիր, էն աստվածը...
ԱԼԵՔՈ․ Յանի յա, քե՞ հինչ, աղջի․․․
ՎԻՐԺԻՆԵ․ Գլուխ ես ցավացնում։
ԱԼԵՔՈ․ Յանի յա, խի՞, քի հմա եմ երգո՞ւմ։
ՎԻՐԺԻՆԵ․ Բաս չոլերի համա՞ր։
ԱԼԵՔՈ. (Հպարտ) Խանըմի հմա։
ՎԻՐԺԻՆԵ. էն աստվա՞ծը... (փոթկալով ծիծաղում է):
ԱԼԵՔՈ․ Իա... յանի յա, խի՞ ես ծիծաղում, խանըմը սիրիմ ա։ Էն օրն էլ երգում էի գլուխս քաշ, մին էլ տենամ բալխոնի վրա կայնած մտիկ ա անըմ։ Էն ա ուզում էի չվանս հավաքեմ, ամա ասաց․ «երգի, երգի Ալեքո, լավ ես եգում»։ Ես էլ եգեցի, կես մանեթ բաշխեց։ (Շարունակում է երգել)։ Ցանկապատի հետևում երևում է Մարմարյանը: Միջահասակ, գեղեցկադեմ, բարի աչքերով տղամարդ է, որի դեմքը կրում է շվայտ անցյալի հետք: Կաթվածից նրա աջ թևն ու աջ ոտը թուլացել են: Քայլում է թեև ձեռնափայտի օգնությամբ, բայց ժիր:
ՎԻՐԺԻՆԵ. Դե լավ, ձայնդ կտրիր, մարդ է գալիս։
ԱԼԵՔՈ․ (Գլուխը բարձրացնելով) Աղա չոլախն է, չվաններս հվաքենք։ (Երգելով կամաց-կամաց հեռանում է դեպի աջ և աներևույթանում):
ՄԱՐՄԱՐՅԱՆ․ (Դռների մոտից նայելով Ալեքոյի հետևից) էվալլա, Բայազեթի տենոր, ձայնդ անսպառ։ (Առաջ է գալիս