Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/164

Այս էջը հաստատված է

ՀԵՐՍԻԼԵ-. Որքան, ուրեմն ստոր է քո գաղափարը կնոջ մասին։ (Հուզված անցնում է ցանկապատի կողմ և նայում հեռավոր լեռներին):


ԱՆՏՈՆ-. (Զայրանալով) Ստոր... Հերսիլե, մի հափշտակվիր մոդային գաղափարներով, նրանք պերճախոս են միայն տեսականապես, իսկ գործնական կյանքի համար փուչ են։ Կնոջ համար չի կարող լինել ավելի վեհ, ավելի սուրբ կոչում, քան այն, ինչ որ սահմանված է բնությունից։ Դուրս բեր գլխիցդ ցնորքները։

ՀԵՐՍԻԼԵ-. Այդ դուք, տղամարդիկդ եք, որ ցնորք եք համարում կնոջ ինքնուրույնությունը: Դուք եք նրան ստորացրել մինչև այդ աստիճան։ Կինը նույնպես անհատ է...

(Ցանկապատի հետևում երևում է Աննա Ալիմբարյանը)

ՄԱՐՄԱՐՅԱՆ-․ Ո՞վ որ է գալիս։


ՏԵՍԻԼ 4



ԱՆՆԱ-․ (Թուխ-թուխ դեմքով կինէ, պարզ, բայց ճաշակով հագնված․ ձևերն ու շարժումները ազատ են, համարձակ, սակայն ոչ զերծ կանացի քնքշությունից, մեջքին կապած է բարակ գեղեցիկ գոտի, որի վրա քարշ արած է շատ փոքրիկ արծաթյա դաշույն: Հասնելով դռներին, կանգ է առնում, նայում է դեպի ներս) Թույլ տվեք հարցնել ա՞յս է Բգմուրյանն երի ամառանոցը։

ՄԱՐՄԱՐՅԱՆ-. Այս է։

ՀԵՐՍԻԼԵ-. (Չճանաչելով) Ո՞ւմն եք կամենում։

ԱՆՆԱ-. (Վազում է ներս) Հերսիլե։

ՀԵՐՍԻԼԵ-. (ճանաչելով) Աննա... Հազիվ ճանաչեցի... (Գրկախառնվում են և համբուրվում):

ԱՆՆԱ-. Վերջապես, յոթ տարի չտեսնվելուց հետո։

ՀԵՐՍԻԼԵ-. (Ուրախ) Այո, յոթ տարի։ Այդ որտեղի՞ց, ինչպես, ե՞րբ։ Ահա սյուրպրիզ... Նստիր... Ահ, ներկայացնում եմ, ամուսինս և նրա բարեկամը։ Անտոն, ահա սա է իմ ընկերուհի Աննան, որի մասին այնքան խոսել եմ ձեզ հետ։