Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/166

Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ-. Այո, նա շատ լուսավոր մարդ էր։ Նա ինձ ավանդել է անպատճառ բարձրագույն ուսում ստանալ։


ՀԵՐՍԻԼԵ-. (Հառաչելով) Եվ քեզ կհաջողվի կատարել նրա ավանդը, Աննա, քեզ ամեն բան կհաջողվի, դու ունիս կամքի ուժ...

ԱՆՏՈՆ-. Հինգ հազար երեք հարյուր ռուբլի հյուսների... Սարսափելի է... (Ձգում է հաշիվներն և լրագիր վերցնում

ԱՆՆԱ-. Գիտես Հերսիլե, ես թողեցի այս տարի մանկավարժական կուրսերը։ Այժմ պատրաստվում եմ մտնել Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտը...

ԱՆՏՈՆ-. (Նկատելու չափ հեգնորեն) Կնշանակե՝ դուք ուզում եք լինել ինքնագլոլխ, անկախ կին... էմանսիպասիոն․․․ (Հերսիլեն նայում է նրան հանդիմանորեն):

ԱՆՆԱ-. (Կտրուկ) Չեք սխալվում, պարոն Բեգմուրյան, ես ուզում եմ լինել անկախ, և իմ ամուսինն ինձ չի արգելում։

ԱՆՏՈՆ-. Այո իհարկե, գովելի է։ Երևի, երեխաներ չունիք․․․

ԱՆՆԱ-. Առայժմ ոչ։ Եվ եթե լինեն էլ, չեն խանգարի։

ՄԱՐՄԱՐՅԱՆ-. Իսկ ձեր ամուսինն իՆչո՞վ է պարապում։

ԱՆՆԱ-. Ճարտարապետ է։

ԱՆՏՈՆ-. Այդ լավ է, ես կխնդրեմ նրան կազմել իմ մյուս տան պլանը։

ԱՆՆԱ-. Նա առայժմ պատվեներ չի ընդունում։ Դեռ կատարելագործվում է յուր արհեստի մեջ։

ԱՆՏՈՆ-. (Վերցնելով սեղանի վրայից հաշիվները) էհ, ինձ ներեցեք, տիկին, մի քանի կարևոր նամակներ պիտի գրեմ։ (Գնում է պատշգամը առաջին դռներով):

ՄԱՐՄԱՐՅԱՆ-. Երկու ընկերուհիներ յոթ տարի չտեսնվելուց հետո խոսելու շատ բան կունենան։ (Հերսիլեին) Ձեր թույլտվությամբ գնում եմ անտառի կողմի պատշգամբը։

ՀԵՐՍԻԼԵ-. Հրամայեցեք Սամսոնին, որ ձեր բազկաթոռն այնտեղ տանի։ (Մարմարյանը գլուխ է տալիս և անցնում պատշգամբի երկրորդ դռներով):