Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/167

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 5

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՆԱ


Վիրժինեն ներս է մտնում և սկսում սեղանի իրերը ժողովել ու տանել. հետաքրքրված դիտելով Աննային:

ԱՆՆԱ. (Աչքերով ուղեկցել է նախ Անտոնին, ապա Մարմարյանին) Այդ պարոնը ամուսնուդ ազգակա՞նն է։

ՀԵՍԻԼԵ.Մորաքրոջ որդին է։

ԱՆՆԱ.Ողորմելի մարդ։

ՀԵՐՍԻԼԵ.Այո, նա հիվանդ է։

ԱՆՆԱ.Տսնում եմ և գիտեմ... Եվ որքան մեզանում շատացել է այդ տեսակ հիվանդների թիվը։ Ինչու՞ ես ժպտում, այժմ ես կես բժիշկ եմ, գիտեմ շատ հիվանդությունների հանցավոր պատճառը։ (Սպասելով, որ Վիրժինեն հեռանա) Հերսիլե (Մոտենում է ու ձեռը բռնում) աչքերիս նայիր։ Դու բախտավո՞ր ես։

ՀԵՐՍԻԼԵ.(Շփոթված) Ինչու՞ համար ես հարցնում։

ԱՆՆԱ.Որովհետև դու քո նամակներում ամենազգույշ կերպով այդ մասին լռում էիր, մինչդեռ ես իմ մասին ոչինչ չէի թաքցնում։ Այժմ դու պետք է բոլորը պատմես, հասկանու՞մ ես, բոլորը։

ՀԵՐՍԻԼԵ.(Ցուցամատը հանդիմանաբար շարժելով) Աննա, ես
զգում եմ, որ նա քեզ դուր չեկավ։

ԱՆՆԱ.Նա նման է մի հասարակ վաճառականի... Բայց ասա, ինչպե՞ս պատահեց, որ դու նրան ընտրեցիր կյանքիդ ընկեր... Դու ինձ այդ մասին գրեթե ոչինչ չես գրել։ (Ցույց է տալիս աջ կողմի ավանսցենայի մոտի նստարարանը) Նստենք այստեղ, և պատմիր։ Դու նրան լա՞վ էիր ճանաչում, երբ ամուսնացար (նստում են):

ՀԵՐՍԻԼԵ.Ես նրան բոլորովին չէի ճանաչում այն ժամանակ...

ԱՆՆԱ.(Զարմանալով) Ի՞նչ, դու ուրեմն ամուսնացել ես նրա
հարստության հե՞տ։ Դու, որ միշտ խոսում էիր սիրո մասին, դու, հոգով բանաստեղծդ։

ՀԵՐՍԻԼԵ.(Թեթև հառաչելով) Լսիր, Աննա, քանի որ դու այդպես հետաքրքրվում ես — կպատմեմ։ Ես տասնութ տարեկան չկայի, երբ, հիշում ես, ավարտեցինք գիմնազիան։