Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/168

Այս էջը հաստատված է

Դու գնացիր եղբորդ մոտ արտասահման, իսկ ես մտա կյանքի մեջ.․․ Ամբողջ մի ձմեռային սեզոն ես բաց չէի թողնում ոչ մի բազմամարդ պարահանդես, բարեգործական ներկայացում, մանավանդ ոչ մի երաժշտական երեկույթ կամ ցերեկույթ։ Դու գիտես, որ ես երաժշտության սիրահար եմ...


ԱՆՆԱ․Սիրահար։ Դու ունիս երաժշտական տաղանդ անգամ։ Բայց այդ մասին հետո։ Շարունակիր, շարունակիր...

ՀԱՐՍԻԼԵ.Ինձ համար, իհարկե, հաճելի էր պտտել հասարակության մեջ։ Ես կամաց-կամաց սկսում էի ըմբռնել կյանքի իմաստը։ Ծանոթ երիտասարդների թիվը մեծ էր։ Ոմանք մինչև անգամ անտարբեր չէին դեպի ինձ։

ԱՆՆԱ.Իսկ դու անուշադիր սավառնում էիր եթերքում..

ՀԵՐՍԻԼԵ.Համենայն դեպս, ինձ համար տղամարդը դեռ գոյություն չուներ։ Հափշտակված էի երաժշտությամբ։ Մի երեկո իմ ծանոթների շրջանում տեսա Բեգմուրյանին։ Ամբողջ երեկո նա պտտում էր շուրջս և աշխատում գրավել ինձ։ Շրջապատողներիս շարքում նա աչքի չէր ընկնում իր արտաքինով։ Իսկ ձևերն անտաշ էին։ Նա ճաշակով հագնվել անգամ չգիտեր։ Նոր հագուստը նրա վրա նոր չէր երևում։ Մի բան ինձ համար պարզ էր, այն է, որ
հայրս նրան շատ էր հավանում։ Ինչևիցե, անցավ ձմեռը, գարունը։ Ամառը մենք ջրերումն էինք, հայրս բժշկվում էր։ Ես, իհարկե, Բեգմուրյանին մոռացել էի, սակայն նա ինքը հիշեցրեց յուր մասին։ Մի օր մորս հետ զբոսնում էինք, հանկարծ նա մեր առաջը դուրս եկավ ժպտալով, ուրախ։ Այնուհետև նա ամեն օր մեր տանն էր։ Վերջապես ի՞նչ երկարացնեմ, չանցավ մի ամիս, և ես դարձա տիկին Բեգմուրյան։ Եվ ահա առաջիկա կիրակի լրանում է իմ ամուսնության վեցերորդ տարին։ Այս է իմ ամբողջ ռոմանը։

ԱՆՆԱ.Ուրեմն, այնուամենայնիվ, վերջ ի վերջո դու նրան հավանեցի՞ր։

ՀԵՐՍԻԼԵ.(Դրականապես) Ոչ։ Թե ինչու տվեցի համաձայնությունս, չգիտեմ։ Ես, իհարկե՝ ազատ էի ասելու «այո» կամ «ոչ»։ Եվ ես երբեք չեմ մոռանա մի բան. այն օրը,