Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/169

Այս էջը հաստատված է

երբ տվեցի դրական պատասխան, ինձ համար անտանելի օր էր։ Ես տեսնում էի, որ եթե մերժեմ — պիտի չարաչար վշտացնեմ մորս։ Նա ինձ չէր ստիպում կամ թախանձում, բայց լուռ ակնածությամբ լի հայացքներով հալածում էր։ Միևնույն ժամանակ, ես խղճում էի Անտոնին։ Կարճ միջոցում նա սիրահարվել էր ինձ վրա խելագարի պես։ Ախ, Աննա, ծանր զգացում է տղամարդուն խղճալը, մանավանդ, երբ այդ տղամարդին ամենքը գովում են։ Ես տեսնում էի, որ ինքս իմ առջև կեղծում եմ. ինքս գիտակցաբար խաբում եմ իմ հոգու ձայնին։ Բայց և այնպես, կամքի ուժ չունեցա մի անգամ արտասանած խոսքս հետ վերցնելու։ Նույնիսկ պսակի երեկո, երբ քահանան երրորդ անգամ հարցրեց. «համաձայն ես». ես մտածեցի. «դեռ ուշ չէ, դեռ կարող եմ հետ կանգնել»։ Բայց նայեցի մորս ուրախ դեմքին, Անտոնի երջանիկ երեսին, Աննա, և լեզուս կաշկանդվեց։ Ես ոչինչ չասացի, միայն գլուխս թեքեցի կրծքիս։ Եվ այդ վայրկյանին մարմնովս անցավ մի տարօրինակ, մի սոսկալի սարսուռ. Աննա։ (Սեղմում է Աննայի ձեռքը):


ԱՆՆԱ.Աա, սարսուռ։ (Նայում է Հերսիլեի աչքերին խորհրդավոր) Հերսիլե, ես վախենում եմ քո ապագայի մասին։

ՀԵՐՍԻԼԵ.(Երեսը ձեռներով ծածկելով) Ոչ, ոչ, Աննա, մի ասա այդ բանը, մի ասա, Անտոնը լավ մարդ է... (վեր է կենում):

ԱՆՆԱ.Գուցե լավ մարդ է, բայց դու գոհ չես քո վիճակից։ Հերսիլե, իսկ այդ վտանգավոր դրություն է կնոջ համար։

ՀԵՐՍԻԼԵ․Լռիր, բավական է, լսում ես, ես... ես..․ դժբախտ չեմ։ Այժմ պատմիր քո մասին։ Աննա։

ԱՆՆԱ.Իմ պատմությունը շատ կարճ է։ Ես վճռել եմ ձեռք
բերել բարոյական և նյութական անկախություն, որպեսզի մեր ամուսնական կյանքի կշիռը չկորցնի իր հավասարությունը։

ՀԵՐՍԻԼԵ.Հասկանում եմ միտքդ, Աննա, որքա՜ն խելոք ես, որքա՜ն հեռատես... Ես այժմ այն համոզմունքի եմ, որ անբախտ է այն կինը, որ իր ամուսնուց բարերարված է զգում իրեն..․