Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/17

Այս էջը հաստատված է

Իսկ այն մարդիկ, որոնք ամուսնությունը համարում են կյանքի ամենածանր մի պարտք, միշտ տատանվում են, միշտ մտածում և հաճախ մեռնում, առանց իրագործելու իրենց սրտի գուցե ամենաջերմ փափագը։

ՀԵՂԻՆԵ. Ձեր ասածը ճշմարիտ է, այո. բայց ոչ, դուք սխալվում եք։ Ինձ թվում է, որ նույնիսկ ամենամտածող ու տատանվող մարդը շատ անգամ անում է այդ ծանր քայլը հանկարծակի և անսպասելի կերպով։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Այո, երբ հանդիպում է մեկին, որ մի հայացքով վերջ է տալիս նրա երկչոտ մտքին ու տատանմանը։

ՀԵՂԻՆԵ. Այսինքն երբ սիրահարվո՞ւմ է։

ԱՈՒԼԻԿՅԱՆ. Եթե կամենաք, այո։

ՀԵՂԻՆԵ. Իսկ դուք մի՞թե այդպիսի մեկին չեք պատահել կամ հույս չունե՞ք պատահելու։ Դուք դեռ երիտասարդ եք։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ոչ, չեմ պատահել... (մեկուսի) Պատահեցի, բայց շատ ուշ է...

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Նա հառաչանքը թաքցրեց։ (Բարձր) Մենք հափշտակվեցինք խոսակցությամբ, արդյոք չէի՞ք կամենա տեսնել Իշխանուհի Մարիա Իսաևնային։ Նա տանն է։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Մեծ Ուրախությամբ, բայց...

ՀԵՂԻՆԵ. Դուք շտապո՞ւմ եք, ժամանակ չունե՞ք։ Ես իսկույն կկանչեմ։ (Բարձրանում է տեղից) Այո, այդ մարդու կողմից ես մի բան զգում եմ... (Գնում է):

ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Միայնակ) Երբեք նա չի կամենում ինձ հետ առանձին մնալ։ Նա սիրում է իր ամուսնուն անպայման սիրով, իսկ ամուսինը — երբեք։ Օ՜о, Միքայել, որքան ապերախտ ես դու այս կնոջ վերաբերմամբ և չգիտես, թե ինչ ադամանդ է զարդարում քո դատարկ կյանքը։ Բայց այդ ի՞նչ է պատահում ինձ։ Նա օրից օր գրավում է ինձ։ Ո՞ւր էի գնում, ո՞ւր եկա և միշտ պիտի մղվեմ դեպի այս տուն մի զգացմունքով, որ... օ՜օ, չպիտի մտածել, երբեք... (Ներս է մտնում Մարիամ իշխանուհին)։