ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Նույն ամառանոցի ներքին կողմը: Միջակ հյուրասենյակ, թեթև, բաց սիրուն կահավորված: Աջ կողմում երկու դռներ, որոնցից խորքինը տանում է Անտոնի առանձնասենյակը, իսկ ավանսցենայի կողմինը՝ դեպի մի ուրիշ ազատ սենյակ: Այս երկու դռների միջև վառարան, որ երբեք չի վառվել: Ջախ կողմում ևս երկու դռներ, որոնցից ավանսցենայի մոտինը տանում է ննջարան, իսկ խորքինը՝ սեղանատուն: Խորքի պատի մեջ մի դուռ լայն կամարաձև: Նրա աջ ու ձախ կողմում մեծ լուսամուտներ: Այս պատի առջև պատշգամբ, որ շարունակվում է դեպի ձախ, բեմի հետևը: Պատշգամբից դեն պարտեզ, հետո անտառ, այնուհետև ժայռեր, լեռներ, ձորեր: Հյուրասենյակի խորքի աջ անկյունում սեղան, վրեն գրքեր, ամսագրեր, գրագիրներ, ալբոմ և լուսանկարներ: Ջախ անկյունում պիանինո, վրեն ծաղիկների մի մեծ փունջ և մի տուփ կոնֆետներ: Այս ու այն կողմում պատերի տակ աթոռներ, իսկ բեմի մեջտեղում գահավորակ և թեթև բազկաթոռներ:
Իրիկնադեմ է: Արեգակը նոր-նոր մայր է մտնում: Հեռավոր լեռների գագաթները լուսավորվում են նրա վերջին շողերով: Վարագույրը բարձրանալուց հետո, հետզհետե այդ շողերը չքանում են, լեռների խորքից դուրս է գալիս լուսինը:
Տոնային ճաշը նոր է ավարտվել: Հյուրերը զբոսնում են