Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/181

Այս էջը հաստատված է

ՌՈՒԲԵՆ. Շատ հետաքրքրական է տեսնել այդ երաժշտին։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Գնանք։ (Ցածր ձայնով) Ես ձեր բոլոր ասածների միտքը հասկացա։ Խոսենք առանձին։ (Գնում է պատշգամբ Ռուբենի թևն առած):
ՎԱՐՎԱՌԵ. Գնանք, Սուրեն, մենք էլ մոտիկից լսենք. (Վերցնում է մի բուռ կոնֆետ, Աննային) դուք չե՞ք ուզում լսել։
ԱՆՆԱ. Հեռվից ավելի քաղցր է հնչում շվին։
ՍՈԼՈՄՈՆ. (Թղթերը ձգելով սեղանի վրա) Պարոններ, ես էլ չեմ ուզում խաղալ։ Բավական է ինչքան տարվեցի․ (Վեր է կենում և Նատալիայի հետ անցնում է պատշգամբի ձախ կողմը: Խաղընկերները հետևում են նրան, զվարթ խոսակցելով):


ՏԵՍԻԼ 3
ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՆԱ
(Հերսիլեն դուրս է զալիս ննջարանից)


ՀԵՐՍԻԼԵ. Դու մնացել ես մենա՛կ։
ԱՆՆԱ. Ես մնացի, կամենալով առանձնանալ քեզ հետ։
ՀԵՐՍԻԼԵ. Ես էլ կամենում էի քեզ հետ առանձնանալ։ (Բռնելով
ընկերուհու ձեռքը) Ախ, Աննա, չգիտեմ ինձ ինչ է պատահում, մի զարմանալի տրամադրության մեջ եմ։ Կարծեմ մի քանի հիմարություններ ասացի։
ԱՆՆԱ. Հիմարություններ չասացիր միայն...
ՀԵՐՍԻԼԵ. Միայն ի՞նչ, ասա...
ԱՆՆԱ. Տրամադրությունդ մատնեցիր հյուրերի ներկայությամբ։ Հերսիլե, ես հասկանում եմ քո հոգին և...
ՀԵՐՍԻԼԵ. Եվ խղճում ես, այո՛... Ախ, երանի քեզ, Աննա, հազար երանի, որ ուշ ես ամուսնացել և ինքդ ես կարգադրել քո ճակատագիրը։
ԱՆՆԱ. Բայց չէ՞ որ քո ճակատագիրն էլ ինքդ ես կարգագրել։
ՀԵՐՍԻԼԵ. (Դառն հեգնությամբ) Ե՞ս։ Եվ դու հավատու՞մ ես այդ բանին։ Ոչ, Աննա, իմ կամքը իմ ծնողների գերին է եղել, այսինքն իմ մոր գերին, հայրս մեղք չունի։ Նա է կուրացրել իմ աչքերը, մթնեցրել իմ ուղեղը, խլել ինձանից