Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/184

Այս էջը հաստատված է

ուրիշի տանը գիշերել չեմ կարող․ (ուզում է մի կոնֆետ ևս վերցնել, բայց ամաչում է, հետ է քաշվում):

ՀԵՐՍԻԼԵ. (Կոնֆետների տուփը փակելով, առաջարկում է Վարվառեին) Սիրելիս, այս տուփը տար իմ կողմից երեխաներիդ համար։
ՎԱՐՎԱՌԵ. (Վերցնում է տուփը) էհ, ինչ հարկավոր է, ավելորդ է։
ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, ոչ, վերցրու. (Համբուրվում է Վարվառեի հետ):
Բոլոր հյուրերը սեղմում են տանտերերի ձեռքը և գնում են խորքի դռներով: Հերսիլեն և Անտոնը ուղեկցում են նրանց մինչև, պատշգամը: Այնտեղ Սամսոնը տալիս է նրանց վերարկու, ձեռնափայտ և այլն։ Վիրժինեն հավաքում է բաժակներն ու տանում սեղանատուն:


ՏԵՍԻԼ 5
ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՏՈՆ


ԱՆՏՈՆ. (Վերադառնում է Հերսիլեի թևից բռնած) Ես հոգով փափագում եմ քեզ հետ առանձնանալ, իսկ դու տիկին Ալիմբարյանին խնդրում ես քեզ մոտ գիշերել։ Չեմ հասկանում, այդ ինչ տարօրինակ ցանկություն էր։
ՀԵՐՍԻԼԵ. (Թևն ազատելով) Երեխաները քնեցի՞ն։
ԱՆՏՈՆ. Շատ հանգիստ։ Թող ինչ ուզում է ասի այդ պարոն Ալիմբարյանը, ինձ համար ընտանիքից բարձր բան չկա։
ՀԵՐՍԻԼԵ. Կարծեմ, Ալիմբարյանը ընտանիքին ավելի բարձր և ավելի մեծ նշանակություն տվեց, քան դու, քո քեռորդին և ամենքը։
ԱՆՏՈՆ․ Նա հերքեց ընտանեկան կյանքի երջանկությունը։
ՀԵՐՍԻԼԵ. Այո, այն ընտանեկան կյանքի, որ հիմնված չէ համերաշխության վրա։
ԱՆՏՈՆ. (Նայում է նրան սուր հայացքով) Հերսիլե, դու այնպիսի եղանակով ես խոսում, որ կարծես նրա ասածների մեջ զգացել ես ակնարկ մեր մասին։
ՀԵՐՍԻԼԵ. Ով գիտե, գուցե և ակնարկեց։ Մի՞թե իրավունք
չունի։