ԱՆՏՈՆ. Շատ ողորմելի մի վարձատրություն։ Բայց ես դարձյալ չեմ հասկանում քո միտքը, Հերսիլե։
ՀԵՐՍԻԼԵ. (Մտազբաղ) Իմ միտքը... Իմ միտքը կապված է իմ զգացումների հետ։ Եթե կարող ես, թափանցիր սիրտս և հասկացիր։ (Մոտենում է խորքի լուսամատին և նայում դեպի դուրս):
ԱՆՏՈՆ. (Մի քանի վայրկյան լուռ նայում է նրա հետևից մտատանջության մեջ) Աա, կարծես, մասամբ հասկանում եմ...
ՀԵՐՍԻԼԵ. Այո՞, մասա՞մբ և այն էլ այդպես ու՞շ։
ԱՆՏՈՆ. Ու՞շ։ Ոչ, այդ ինձ հայտնի է նույնիսկ մեր ամուսնության առաջին օրից։ Բայց ես կարծում էի, որ դու դեռ անչափահաս ես, կյանքը լավ չես ճանաչում և չգիտես իսկապես ինչ ասել է ամուսնական երջանկություն։
ՀԵՐՍԻԼԵ. Եվ հույս ունեիր փոխադարձ սիրո փոխարեն ստանալ կեղծիք, այո՞։
ԱՆՏՈՆ. Կեղծի՞ք։
ՀԵՐՍԻԼԵ. Այո, այն կեղծիքը, որ տալիս են հարյուրից իննսունինը կանայք իրենց ամուսիններին։ Դու կարծում էիր, որ տարիները կառաջացնեն սովորություն, իսկ սովորության զգացումը կհաշտեցնի ինձ դրությանս հետ։
Դու մտածում էիր այսպես. «Թող եռ գա իր ներսում, փրփրի որքան կամենում է, ժամանակը կհանդարտեցնի նրան և վերջ ի վերջո կդարձնի իմ գերին»։
ԱՆՏՈՆ. Գերի՞ն...
ՀԵՐՍԻԼԵ. Այո, մեկն այն ողորմելի էակներից, որոնք մի անգամ իրենց վիզը դնելով օրինական անհամերաշխ ամուսնության լծի տակ, մինչև մահ քաշում են այդ լուծը անբան անասնի պես։
ԱՆՏՈՆ. — Սխալվում ես, ես ուրիշ կերպ եմ մտածել։ Ես մտածել եմ այսպես. սերը, այսինքն իսկական ամուր սերը ձեռք է բերվում ոչ միանգամից, այլ համբերությամբ և համառ հետամտությամբ, ինչպես աշխարհիս ամենաթանկագին բանը։ Եվ ահա մեր ծանոթության առաջին օրից սկսած աշխատել եմ քայլ առ քայլ մոտենալ քո սրտին։ Սիրել եմ քեզ հոգուս ամբողջ ուժով, սիրել եմ ոչ