Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/190

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Բեգմուրյանների քաղաքային բնակարանը: Ընդարձակ հյուրասենյակ: Աջ պատի մեջ դեպի փողոցի պատշգամբը դռներ, որոնց աջ ու ձախ կողմերում լուսամուտներ: Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ, մյուսը բեմի միջին ուղղությամբ դեպի սեղանատուն: Երկու դռներ ևս ձախ պատի մեջ, որոնցից խորքինը դեպի Անտոնի առանձնասենյակը, իսկ ավանսցենայի կողմինը — Հերսիլեի բուդուարը, որից դենն է ննջարանն ու երեխաների սենյակը: Աջ պատի անկյունում դաշնամուր (ռոյալ), իսկ ավանսցենայի կողմում փոքրիկ գեղեցիկ գրասեղան սև փայտից, վրեն արծաթյա թանաքաման ու զանազան պարագաներ, նաև մի քանի գրքեր գեղեցիկ կազմերով ու մի փոքրիկ ժամացույց: Ձախ պատի առջև գահավորակ, բազկաթոռներ, սեղան, նրբագործ սփռոցով, վրան ալբոմ: Առհասարակ սենյակը կահավորված է ճաշակով: Նրա գլխավոր զարդերն են նկարներ, գրավյուրներ, արձանիկներ և այլ գեղարվեստական իրեր, որոնց սիրահար է Հերսիլեն: Խորքի պատի վրա հայելի վենետիկյան ոճով, իսկ աջ կողմում վառարան, որի առջև շիրմա:

Սեպտեմբերի կեսն է. եղանակը ջերմ է. բոլոր լուսամուտներն ու դռները բաց են, բացի առանձնասենյակի դռներից։