ՀԵՐՍԻԼԵ. Ապրիր քո կամքով, ես քեզ չեմ խանգարում։
ԱՆՏՈՆ. (Բորբոքվելով) Հերսիլե, իմ սերը ձեզ վրա չազդեց, մի մոռանաք, որ կա մի ուժ, որ կարող է խորտակել ձեր ըմբոստությունը։
ՀԵՐՍԻԼԵ. Գիտեմ որն է այդ ուժը։ Բռնությունը, որի օգնության, արդեն սկսել եք դիմել։
ԱՆՏՈՆ. Ոչ, դեռ չեմ սկսել։ Այն ինչ որ արել եմ մինչև այսօր ծաղիկներն են, իսկ պտուղը կճաշակեք շուտով։
ՀԵՐՍԻԼԵ. Արեք ինչ որ ուզում եք, այսուհետև ինձ համար բոլորը միևնույն է։ (Ուզում է գնալ բուդուար):
ԱՆՏՈՆ. Սպասեցեք։
ՀԵՐՍԻԼԵ. (Կանգ առնելով) Ի՞նչ եք կամենում։
ԱՆՏՈՆ․ (Գրգիռը զսպելով) Մոտեցեք ինձ։ (Նայում է Հերսիլեին սուր հայացքով):
ՀԵՐՍԻԼԵ․ (Նայելով Անտոնին) Ի՞նչ եք հրամայում։ (Սարսափում է նրա հայացքից) Ա՜հ, (երեսը ձեռներով ծածկում է):
ԱՆՏՈՆ. Սարսափում եք այո՞։ Ա՞յդ էիք կամենում։ Սերն ատելի էր, այո՞, ծանր, անտանելի։ Օ՜հ... (Գրգռվում է, զսպվում: Գրգիռը տեղի տալիս կրքին: Նայում է նրան մի քանի վայրկյան կրքոտ հայացքով, ապա կիրքը տեղի է տալիս ինքնասիրության) Անեծք քեզ, սատանա, ես վախենում եմ ինքս ինձնից։ (Արագ քայլերով գնում է նախասենյակի դռներով):
ՀԵՐՍԻԼԵ. (Հանդարտ, բայց ուժասպառ ընկնում է գահավորակի վրա):
ՏԵՍԻԼ 3
ՀԵՐՍԻԼԵ և ՆԱՏԱԼԻԱ
ՆԱՏԱԼԻԱ. Այժմ ես գիտեմ ինչ է կատարվում այստեղ։ Ես բոլորը լսեցի։ Հերսիլե, դու նրան չե՞ս սիրում։
ՀԵՐՍԻԼԵ. Եվ դու դեռ հարցնում ես։
ՆԱՏԱԼԻԱ. Չգիտեի։
ՀԵՐՍԻԼԵ․ Վեց տարի շարունակ կռվել եմ ինքս ինձ հետ, վեց տարի ստիպել եմ ինձ գոնե մի թույլ սեր զգալ դեպի նա,