Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/199

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 4




ԱՆՏՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ



ԱՆՏՈՆ. (Գալիս է նախասենյակի դռներով Մարմարյանի հետ): Շարունակիր, ինչու լռեցիր։ (Նստում է գահավորակի վրա) Շարունակիր, այն ի՞նչ ճշմարտություն է, որի մասին իբր թե ես չեմ համարձակվում մտածել։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նայելով շուրջը) Դա այն է, որ ով ուզում է իր ամուսնուց երջանկություն վայելել, պետք է նախ ինքը երջանկացնելու միջոց ունենա։

ԱՆՏՈՆ. Ասել է, չունեմ միջոցը, այո՞։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նստում է) Գուցե ունես, բայց ոչ Հերսիլեի պես մի կնոջ համար։

ԱՆՏՈՆ. Ինչո՞ւ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այն հասարակ պատճառով, որ քո և նրա մեջ կա անանցանելի անդունդ։

ԱՆՏՈՆ. Դու ակնարկում ես իմ տարի՞քը։ Այո, տասնութ տարով մեծ եմ նրանից, բայց մի՞թե դա կնոջ ու տղամարդու մեջ մի զարհուրելի անդունդ է։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այդ չէ միայն, Անտոն, այդ չէ։ Մենք սովորել ենք թութակի պես կրկնել թե կինը տղամարդուց հետ է մնացել բանականությամբ և ձգտումներով։ Գուցե այդ ճիշտ է, բայց քո օրինակը հակառակն է ցույց տալիս: Նայիր քեզ. և տես ինչ ես։ Որպեսզի մարդ հավատա, որ դու բարձր ուսում ստացած և կրթված մարդ ես, պետք է միշտ համալսարանական նշանը կրծքիդ վրա և դիպլոմը գրպանումդ ունենաս։ Այնինչ Հերսիլեի մտավոր զարգացման և բանականության նշանը նրա ճակատին է դրոշմված։ Ահա քանի տարի է քո ձեռքին չեմ տեսել մի լուրջ գիրք։ Քո ընթերցանության սիրած նյութը կառավարչիդ հաշիվներն են կամ զանազան պայմանագրեր։ Իսկ նա... նա շարունակ կարդում է, շարունակ մտածում և իր միտքը նրբացնում։ Հաճախ ես վկա եմ եղել ձեր վեճերին, և միշտ հաղթությունը նա է տարել։ Իսկ դու միայն մի զենք ես ունեցել — ծաղր։ Նա միշտ թռել է դեպի վեր, դու միշտ աշխատել ես նրա թևերը կտրել և երկրին կպած պահել: