Ախ, Անտոն, Անտոն, գիտես, եթե ես լինեի քո տեղն ինչ կանեի։ Էվալլա, կտայի նրան կատարյալ ազատություն։ Թող գնար, կրթեր ու զարգացներ իր երաժշտական ձիրքը։ Երկուսից մեկը, կամ նա կդառնա երաժշտուհի, այն ժամանակ, ինչո՞ւ չէ, ես կխոնարհվեի նրա առջև, կամ ոչինչ չէր դառնալ, կհիասթափվեր, և այն ժամանակ նա ինքը կխոնարհվեր իմ վեհանձնության առջև և հավիտյան պարտական կզգար իրան։
ԱՆՏՈՆ. Շարունակիր, շարունակիր...
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Բայց դու միշտ կրկնել ես և կրկնում ես մի տափակ միտք. «Կինը ծնված է ամուսին և մայր լինելու համար»։ Էհ, դիցուք թե այդպես է։ Բայց ասա խնդրեմ, ի՞նչ է եղել այս վեց տարին քո դրությունը։ Մի օր, գոնե մի ժամ համոզված եղե՞լ ես, որ Հերսիլեն քեզ է պատկանում հոգով ու սրտով, իր ամբողջ էությամբ, ասա՞։ Ոչ։ Դու ամեն վայրկյան դողալով մտածել ես, թե ահա, ահա պիտի գա ավելի արժանավորը և խլի նրան քո ձեռքից։ Էվալլա, և դու երևակայում էիր՝ որ դա ընտանեկան կյա՞նք է, երջանկություն։ Ողորմելի մարդ։ Իսկ ա՞յժմ, այժմ ի՞նչ ես անում, ասա խնդրեմ։ Այդ ի՞նչ վարմունք է։ Փակել ես մի նրբազգաց և խելոք կնոջ չորս պատերի մեջ և ինչպես բարբարոս, տանջում ես նրան... Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։
ԱՆՏՈՆ. Ես նրա հետ խիստ եմ վարվում մեր փոխադարձ օգտի համար։ Ահ, ես գիտեմ, որ դա ուղեղի ժամանակավո՛ր շփոթություն է, շուտով կանցնի, և նա խելքի կգա...
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Եվ դու հավատո՞ւմ ես այդ բանին, հավատո՞ւմ ես, որ կգրավես երբևէ նրա սիրտը։
ԱՆՏՈՆ. Սիրտը գուցե ոչ, բայց միտքը կգրավեմ և կենթարկեմ իմ իշխանությանը, որովհետև խելքի գալով նա կհասկանա, որ երեխաների մայր է։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Երեխաներ, երեխաներ։ Ահա թե ինչի վրա ես հույսդ դրել։ Ախ, եսամոլներ։ Դուք կուրացնում եք միամիտ աղջկանց, ամուսնանում եք նրանց հետ։ Հետո շտապում եք նրանց վզին փաթաթել երեխաներ։ Այնուհետև, երբ դեռահասը հասունանում է, աչքերը բաց է անում և