Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/201

Այս էջը հաստատված է

ուզում է ապրել իր խելքի ու սրտի թելադրությամբ, սկսում եք եզուիտաբար աղաղակել. «այդ աններելի է, ամոթալի, դու երեխաներ ունիս, պատվի զգացում, պարտականություններ»... չգիտեմ էլ ինչ։ Էվալլա, իսկ սեփական կյա՞նքը, հարցնում եմ քեզ, սեփական կյա՞նքը։ Նա ոչինչ չարժե՞, ոչի՞նչ։ Նա պետք է միշտ աղավաղվի՞, ոտնատակ լինի՞ եսամոլների համար։


ԱՆՏՈՆ. Ահ, բավական է, թող ինձ։ (Վեր է կենում) Դու չգիտես ինչ է կատարվում այստեղ. (Խփում է սրտի կողմին) Իլիա, չգիտես։ Այո, ճիշտ է, որ Հերսիլեին ընտրելիս ես ղեկավարվել եմ էգոիստիկ զգացումով, ընտրել եմ նրա գեղեցկությունն ու երիտասարդությունը։ Ես վաղօրոք մտքումս պարծեցել եմ ուրիշների առջև, որ պիտի ունենամ փայլուն կինը: Բայց այժմ, այժմ, Իլիա, երդվում եմ պատվովս, կցանկանայի, որ նա լիներ տգեղ կամ ծեր։ Այո, այո, կցանկանայի, որ մի աներևույթ ձեռք հանկարծ այդ սիրուն դեմքի վրա դներ մի բիծ, մի արատ, որպեսզի, որպեսզի...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Որպեսզի նա ոչ ոքի այլևս դուր չգար։ Հասկանում եմ։

ԱՆՏՈՆ. Ո՜չ, ոչ, դու դեռ բոլորը չգիտես։ Լսիր, Իլիա, (բռնելով Մարմարյանի ձեոքը ձայնը ցածրացնում է) ես քեզ կհայտնեմ մի գաղտնիք։ Սուս, թող ոչ ոք այս չիմանա: (Խորհրդավոր) Այդ դժոխային միտքը իմ գլխում ծագում է, գիտե՞ս երբ։— Խուլ գիշերները, երբ նրա ննջարանում տիրում է մեռելային լռություն։ Սպասիր, այդ երբ էր, այո, երեկ չէ մեկէլ գիշերը։ Ես մեն-մենակ անցուդարձ էի անում այստեղ, քնից զրկված։ Նա այնտեղ էր։ (Ցույց է տալիս բուդուարը) Ես մոտեցա դռներին, բաց արի կիսով չափ և մտիկ արի գողնովի, որովհետև, գիտես Իլիա, այժմ իմ կնոջը միայն գողնովի կարող եմ նայել։ Նա պառկած էր դիվանի վրա սպիտակ հագուստով։ Նրա շքեղ մազերը սիրուն գլխիկի շուրջը— այո, այո, նա շատ սիրուն գլխիկ ունի — կազմել էին սքանչելի պսակ։ Բայց նա ինձ համար օտար էր, Իլիա, բոլորովին օտար։ Ինձ թվում էր, որ ես նոր եմ տեսնում նրան, իմ օրինական