Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/203

Այս էջը հաստատված է

իմ մեջ հղացավ ցանկություն — մոտենալ նրան, չոքել նրա առջև, ջերմ արտասուքով ներումն խնդրել։ Ես նրանի՞ց. դա մինչև անգամ ծիծաղելի է, չէ՞ ներումն խնդրել նրանից, որի աոջև մեղավոր եմ միայն իմ անհուն սիրով: Իլիա, Իլիա, լինել այսքան նրան մոտիկ և այսքան հեռու նրանից։ Սիրել սեփական կնոջդ, որի հետ ապրել ես վեց տարի, սիրել խելագարի պես և չտիրել նրան — դա ավելի քան դժբախտություն է, դա թշվառություն է։ (Լռություն): Բայց ես տղամարդ եմ, չպիտի թույլ տամ ինձ ընկճվել։


ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այսպես, թե՛ այնպես, պետք է վերջ տալ այդ դրությանը, ապա թե ոչ՝, ինչպես տեսնում եմ, դու հոգեպես հիվանդանում ես... Բայց առայժմ գնանք դուրս, անցնենք մի փոքր դեսուդեն, որ մտքերդ ցրվեն։ Մաքուր օդը կազդի քեզ վրա բարերար կերպով։

ԱՆՏՈՆ. Ճիշտ ես ասում, գնանք... (Դիմում է նախասենյակ, Մարմարյանը հետևում է նրան: Բուդուարից դուրս է գալիս Նատալիան):


ՏԵՍԻԼ 5




ՆՈԻՅՆՔ և ՆԱՏԱԼԻԱ



ՆԱՏԱԼԻԱ. Անտոն։

ԱՆՏՈՆ. (Կանգ է առնում) Ի՞նչ եք կամենում։

ՆԱՏԱԼԻԱ. Սպասիր, ես հիմա գիտեմ ինչ է պատահել, բայց բոլորը դատարկ բաներ են։ Հաշտվեցեք։

ԱՆՏՈՆ. Ես նրա հետ չեմ կռվել։

ՆԱՏԱԼԻԱ. Գիտեմ, դու մեղավոր չես։ Նա է մի քիչ ջահելություն անում։ Երեխա է, ոչինչ։ Ծիծաղիր նրա երեսին, ամեն բան կվերջանա։

ԱՆՏՈՆ. Լսո՞ւմ ես, Իլիա, ինձ առաջարկում են ծիծաղել, ինձ. որ ամբողջ վեց տարի աշխատել եմ նրա կյանքը ծիծաղ և ուրախություն դարձնել։

ՆԱՏԱԼԻԱ. (Դեպի բուդուարը) Հերսիլե, եկ այստեղ։ Դուրս եկ, լավ, խնդրում եմ։ (Անտոնին) Դե, որդի, գնա ինքդ խրնդիր։ (Անտոնը ինքնասիրությունից դրդված չի գնում):