Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/210

Այս էջը հաստատված է

խոսի ձեր հասարակական կարծիքը, ոչ ոք, հասկանո՞ւմ եք, ոչ ոք, մի ուրիշը, նույնիսկ հարազատ հայրը, չունի իրավունք զավակներից մարտիրոսություն պահանջելու որևէ պարտականության համար։ Ես ինքս կենսախինդ մարդ եմ և ընդունակ չեմ որևէ զոհաբերության հանուն ձեր առօրյա առաքինության։ (Պաուզա) Դուք գիտե՞ք, որ ձեր բարեկամն այժ չի ամաչում գոռալ իմ աղջկա վրա, հայհոյել անգամ նրան։ Ա՜ա, մի աշխատեք հերքել, բոլոր ծառաները գիտեն այդ...


ՄԱՐՄԱՐՅԱՆ. Հուսահատությունը նրան դարձրել է ներվային և դյուրագրգիռ... Նա սիրում է ձեր աղջկան խելագարի պես և այն միտքը, թե կարող է մի օր զրկվել նրանից, տանջում է նրան գիշեր-ցերեկ։ Ես մինչև անգամ վախենում եմ նրա ուղեղի համար։ Նա ընդունակ է ամեն բանի, ահա ինչու ես հետևում եմ նրան քայլ առ քայլ, ստվերի պես, մոռացած իմ հիվանդությունը։ Նա դարձել է մտախոհ, մռայլ և այնքան կասկածամիտ, ինձ էլ չի հավատում անգամ...

ՍՈՂՈՄՈՆ. Ամեն ինչ կարող է անել, բացի կասկածելուց։ Հերսիլեն այն անբախտ կանանցից է, որոնց համար խաբելն ու կեղծելը ամենածանր հանցանքն է։ Նա դեռ ոչ ոքի չի սիրում և եթե սիրի էլ, ոչ ոքից չի թաքցնիլ և չի վախենալ... Ահա ինչու. գոնե ես իմ կողմից վճռել եմ թողնել ամեն ինչ իր կամքին։ Կամենում է, թող հպատակվի իր ճակատագրին, չի կամենում թող...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Թող ձգի երեխաներին ու հեռանա, այո՞․․․

ՍՈՂՈՄՈՆ. Իլիա Մարտինիչ, երեխա մի լինեք... Ոչ մի քարասիրտ մայր իր զավակներից առանց խոր պատճառի չի բաժանվիլ... Եվ դուք չպիտի քար արձակեք Հերսիլեի հետևից, եթե նա մի օր հեռանա այս տնից․․․ Վերջապես, կան բաներ, որոնց մասին չեմ կարող պարզ խսսել․․․

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նայելով Սողոմոնին խորհրդավոր) Ես այդ գիտեմ. գուշակում եմ...

ՍՈՂՈՄՈՆ. Գի՞տեք, ուրեմն լռեցեք...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ականջ դնելով դեպի առանձնասենյակը) Կարծեմ, զարթնել է։ Ի սեր աստծու, հեռացեք, նա ձեզ սառնարյուն