Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/213

Այս էջը հաստատված է

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Վերցնելով հատակից նամակը, Սամսոնին) Սպասիր. (Կարդում է նամակը, Անտոնին): Չի կարելի, Անտոն, դու պետք է անպատճառ գնաս այդ ժողովը։ Երկու անգամ հետաձգել են քո պատճառով։ Չէ՞ որ սնանկացած Միզանդարովի ամենամեծ պարտատերը դու ես, առանց քեզ չի կարելի մի բան որոշել։ (Սամսոնին) Ասա, որ կգա իսկույն։ (Սամսոնը գնում է): Դեհ, գնանք, ես քեզ կուղեկցեմ։ Ես էլ ուզում եմ գնալ, և հրավեր եմ ստացել։ Գնանք։


ԱՆՏՈՆ. Ես կկամենայի ամեն ինչ կորցնել և ընկնել հետին չքավորության մեջ, միայն թե սիրտս հանգիստ լինի։ Գնանք, գնանք ես կատաղում եմ, լսելով այդ մարդու ձայնը։ (ձգում է ատելությամբ լի հայացք դեպի բուդուարը: Գնում է նախասենյակ Մարմարյանի հետ միասին):

ՏԵՍԻԼ 4

ՀԵՐՍԻԼԵ, ՍՈՂՈՄՈՆ և ՆԱՏԱԼԻԱ

ՍՈՂՈՄՈՆ. (Ամենից առաջ մտնելով) Ո՞ւր է նա. ես ուզում եմ նրա հետ, վերջապես, խոսել։ Ծեծել իմ աղջկա՞ն, իմ Հերսիլեի՞ն...


ՀԵՐՍԻԼԵ. Պապա, և ոչ մի խոսք։ Ես խնդրում եմ չխառնվել մեր հարաբերությունների մեջ։ Ես ինքս կմտածեմ և կմտածեմ իմ անելիքը։

ՆԱՏԱԼԻԱ. (Սաստիկ հուզված) Դու դուրս եկ, գնա քո բանին․․․ Ի՞՛նչ քո գործն է։ Քեզ նման մարդն իրավունք չունի ուրիշներին խրատելու։

ՍՈՂՈՄՈՆ. Իսկ քեզ նման կինն իրավունք չունի մոր դեր կատարելու։ Դու անբախտացրիր իմ աղջկան, դու քո ագահությամբ ու փողասիրությամբ։ Բեդմուրովը Հերսիլեի զույգը չէր...

ՀԵՐՍԻԼԵ. (Տանջանքով ու ձեռքերը ջարդելով) Ի սեր աստծո, ծնողներ, թողեք ինձ հանգիստ։ Ախ, այս ի՜նչ անտանելի գրություն Է։

ՍՈՂՈՄՈՆ. Ոչ, ես չեմ կարող այլևս սառնասիրտ մնալ։ Դու ոտքի վրա դիակ ես դարձել։ Դու այլևս այս տանը մնալ