Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/214

Այս էջը հաստատված է

չես կարող։ Վերցրու երեխաներիդ, գնանք իմ տունը․․․ Բաժանվիր այդ կոպիտ շինականից... Չի՞ տալ երեխաներին... թող չտա, դու եկ, ես երեխաներին էլ կխլեմ նրանից։


ՆԱՏԱԼԻԱ․ Խելքդ աստված առել է, այ թե ինչ կարող եմ ասել։ Ո՞ւմ ես տանում այստեղից, ո՞ւր։ Ի՞նչ է պատահել, որ նա բաժանվի մարդուց։ Վերջապես, ո՞վ կնդունի նրան իմ տունը։ Դու կարծում ես, որ ես կարո՞ղ եմ այդպիսի խայտառակություն տանել։ Մարդ է, տաքացել է, արյունը գլխովն է տվել, մի անգամ խփել է։ Ինչ եղավ, աշխարհը հո չքանդվե՞ց։ Հազար անգամ բախտավոր կլինեի, եթե դու էլ ինձ ծեծեիր, քան թե այնպես անպատվեիր։ Հերսիլե, դուրս բեր գլխիցդ քամիները․․․ Ականջ մի դնիր այդ կաչաղակին... Նա չգիտե, ինչ է ասում․․․

ՀԵՐՍԻԼԵ, Հանգստացիր, մամա, հանգստացիր դու էլ, պապա։ Ես ինքս իմ գլխի հոգսը կտեսնեմ։ Միայն դուք հեռացեք այստեղից, ինձ մենակ թողեք։ Պապա, աղաչում եմ, հեռացիր։ Ես ուզում եմ մենակ մնալ։

ՍՈՂՈՄՈՆ. (Բռնում է Հերսիլեի ձեռը և նայում է նրան) Հերսիլե, լավ նայիր աչքերիս։ Զգույշ, հասկանո՞ւմ ես, զգույշ, հիմար բաների մասին չմտածես...

ՀԵՐՍԻԼԵ. Ո՜չ, պապա, հանգիստ կաց, ես այնքան էլ թուլամորթ չեմ։ Այդ երբեք չի լինիր հասկանո՞ւմ ես, երբեք պապա։ Ես ապրել եմ ուզում և կապրեմ։ Նա ֆիզիկական ուժ է գործ դնում, ես գործ կդնեմ բարոյական ուժ։ Ես կապացուցանեմ նրան, որ կինն էլ կարող է ունենալ սեփական ձգտում և կամքի ուժ, որ կինն էլ կարող է փշրել իր շղթաները․․․ Մամա, լաց մի լինիր, անցել է այն ժամանակը, երբ կնոջ զենքը միայն արտասուքն էր․․․ Դու այդ կտեսնես․․․ Թող ինչ ուզում են ասեն ուրիշները․․․ Դեհ, հեռացիր, մամա...

ՍՈՂՈՄՈՆ․ Գնանք, Հերսիլեն ինքը մեզանից լավ գիտե, թե ինչ է հարկավոր անել։ (Առանձին Նատալիային) Մենք կարող ենք հետո էլ գալ։ Լսիր աղջիկս, ինչ էլ որ վճռես անենելու, իմացիր, որ ես միշտ պատրաստ եմ քեզ պաշտպանել և օգնել․․․