Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/217

Այս էջը հաստատված է


վճռականություն։ Հերսիլե, ամուսինդ քեզ դարձյալ վշտացրել է, ոչ, ոչ, վիրավորել է։ Պատմիր, ի՞նչ է պատահել, Հերսիլե։ (Ուզում է գրկել):

ՀԵՐՍԻԼԵ. (Ազատվելով նրա գրկից) Թող ինձ, գուցե ես արժանի չեմ, որ ինձ գրկի իմ ընկերուհին։ (Մոտենում է լուսամուտին և նայում փողոց):

ԱՆՆԱ. Ոչինչ չեմ հասկանում։ Քանի գնում այնքան ավելի անհասկանալի ես դառնում, Հերսիլե․․․ Մի՞թե ինձանից գաղտնիք ունես։ Չէ՞ որ ես գիտեմ բոլորը։ Գիտեմ ինչ ծանր դրամա է կատարվում այժմ քո հոգում։

ՀԵՐՍԻԼԵ. Երբեք չես կարող երևակայել՝ ինչ ծանր դրամա է կատարվում իմ հոգում, երբեք, քանի որ դեռ մայր չես։ (Քայլերն ուղղում է դեպի բուդուար, կես ճանապարնին կանգ է առնում):

ԱՆՆԱ. Այստեղ կամ արտաքո կարգի մի բան է պատահել, կամ պիտի պատահի։ Հերսիլե, մի տանջիր ինձ այդ մութ խոսքերով, ասա պարզ։ Դու բաժանվում ես նրանից։

ՀԵՐՍԻԼԵ. (Ինքն իրան) Երեխանե՛ր։ Մի՞թե ես նրանց համար մայր եմ այժմ կամ երբևէ եղե՞լ եմ։ Այն օրից, երբ հասկացել եմ, թե նրանց հետ բախտավոր չեմ, մայրական զգացումն ինձ համար դարձել է անտանելի տանջանք։ Իհարկե, ես սիրել եմ նրանց, սիրել եմ ինչպես ամեն մի ֆիզիկական մայր, և ո՞ր կենդանին չի սիրում իր զավակներին։ Բայց այդ սերը միշտ խմորված է եղել մի տեսակ խոզ ատելությամբ։

ԱՆՆԱ. (Զարմացած շարունակում է նայել նրան) Ատելությա՞մբ․․․

ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, ոչ, տանջանքով, անտանելի տանջանքով, երբ հիշել եմ, որ նրանք չսիրված մարդուց են, երբ մանավանդ նայել եմ նրանց դեմքերին և այնտեղ նշմարել որևէ նմանություն նրանց և այդ մարդու մեջ։ Թող ինչ ուզում են ասեն մայրերն իմ մասին, բայց ես սեր չեմ համարում այն մայրական սերը, որ սրբագործված չէ ամուսնական սիրով։ Չկա ավելի մեծ թշվառություն, քան տեսնել հարազատ զավակի մեջ սեփական սխալի մարմնացումը։