Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված է գորգով: Լուսամուտները վարագուրված են:
ՏԵՍԻԼ 1
ՍԱՂՍԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ
Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի քով կանգնած, հեռախոսով խոսում է: Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռո երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի շխկշխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ:
ՍԱՂԱԹԵԼ. (Հեռախոսով) «Համեեե՞։ Այո՛, շուտով կգա։ Հը՞մ, չեմ լսում։ Հաա՛։ Լավ, ուղարկիր։ Ցտեսություն»։ (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար։ Հա. ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա։
ԿԱՐԻՆՅԱՆ. Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին։ Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում։
ՍԱՂԱՑԵԼ. Բան է հնարել պարոն Բագրատդ — արդարացուցիչ դոկումենտ։ Ես Անդրեաս էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ։ Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա (Լռություն): Այդ ի՞նչ ես փնտրում։
ԿԱՐԵՆՅԱՆ. Մնացականյանների պայմանագիրը։ (Դադարում է փնտրել):